Մենք լրջագույն խնդիր ունենք պետական կառավարման համակարգում. տնտեսագետ

«Մի ճշմարտություն կա, որը ոչ ոք չէր կարող պատկերացնել, այն է, որ 2020թ. փետրվարից հետո այսպիսի իրավիճակում կարող ենք հայտնվել՝ զուտ համաճարակով պայմանավորված: Դա ոչ միայն մեզ, այլև աշխարհին է վերաբերում: Մինչև հիմա էլ գործընթացները շարունակվում են և, ցավոք, դեռ ավարտված չեն: Սա մի հանգամանք է, որ պետք է նկատի ունենանք՝ ինչքան էլ լավ ծրագրեր կազմենք»,- «Հոդված 3» մամուլի ակումբի առցանց քննարկման ժամանակ ամփոփելով 2020 թվականի տնտեսական տարին և խոսելով  2021թ. սպասվող զարգացումների ու անելիքների մասին՝ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ հայտնելով, որ փետրվարի 1-ին տեղեկություն է տարածվել, համաձայն որի՝ մի նոր պատերազմ է սկսվում ԱՄՆ-ի և Չինաստանի փոխադրող ընկերությունների միջև, քանի որ երկուսն էլ բարձրացնում են նավերով փոխադրումների գները, ինչը հանգեցնում է աշխարհում գների բարձրացմանը:

Տնտեսագետը շեշտեց՝ ամեն դեպքում 2021 թվականին պետք է տեսնել հնարավորություններ, և այն, ինչ պետք է անեինք 2018 կամ 2020 թվականներին՝ հատկապես պետական ինստիտուտների և կառավարման որակի բարձրացման առումով, քանի որ այդ ուղղությամբ շատ լուրջ թերացումներ ունենք: Այդ ինստիտուտների արդյունավետ աշխատանքից է կախված լինելու, թե ինչ հաջողություն կունենանք:

«Ես տեսնում եմ, որ մենք լրջագույն խնդիր ունենք պետական կառավարման համակարգում, և բոլոր ծրագրերն իրականացնելիս այս հանգամանքը պետք է հաշվի առնենք: Եթե չունենք արդյունավետ կառավարում՝ հավատացնում եմ, ոչ մի օրենսդրական փոփոխություն, ոչ մի նախաձեռնություն, բյուջետային արդյունավետություն կամ ծախս իր նպատակին չի հասնի: Պետք է 2021թ. մեր տրամաբանությունը և՛ զարգացման առումով և ՛ կառուցվածքի առումով փոխվի, որովհետև մի աշխատող տնտեսական միավոր կորցրել ենք պատերազմի արդյունքում, և այդ բացը պետք է լրացվի: Այդ առումով 2021թ. շատ դժվար տարի է լինելու: Մի թիվ հրապարակեմ, որը շատ զարմանալի էր ինձ համար. խոսքն ավանդների մասին է: Կարծում եմ՝ բոլորս անհամբեր սպասում էինք, թե վարքագծի ինչպիսի դրսևորում կունենան մեր քաղաքացիները: Եթե նայում եք՝ նոյեմբերին եղել է 3 տրիլիոն 495 միլիարդ, դեկտեմբերին՝ 3 տրիլիոն 709 միլիարդ, այսինքն՝ 253 միլիարդով մեր ավանդներն ավելացել են: Այսինքն, մեր քաղաքացիները վստահում են իշխանությանը, ֆինանսական համակարգերին և իրենց ազատ ֆինանսական միջոցները՝ ավանդներն են ներդնում: Սա պետք է ոգևորի նաև մեր կառավարիչներին»,- նշեց Վահագն Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս