Եթե Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ անի, պետք է մասնակցել. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բացառում է ԲՀԿ-ի ու իշխող «Իմ քայլ»-ի համագործակցությունը կամ հուշագրի ստորագրումը՝ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու ճանապարհին:

«Դուք լսել եք այն, ինչ ասել է Գագիկ Ծառուկյանը իր տնից դուրս գալուց, ես Գագիկ Ծառուկյանին համարում եմ արժանապատիվ տղամարդ: Դա՝ մեկ: Երկրորդ՝ Դուք լսեցիք, թե ինչ ասեց Գագիկ Ծառուկյանը, երբ ԱԺ-ում ընդամենը 4.5 րոպե հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ: Ես չեմ կարող հավատալ, որ որևէ քաղաքական ուժ կարող է Նիկոլ Փաշինյանից պորտֆել վերցնել և Նիկոլ Փաշինյանի հետ համախոհությամբ գնալ ընտրությունների»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ 2020-ի հունիսին իր տանը կատարված ԱԱԾ աշխատակիցների խուզարկությունից հետո, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասել էր.  «Այսօրվա այս պահը սարքած է, այո, քաղաքական է, ուզում են ճնշում գործադրել, շանտաժ, և վախեցնեն, բայց ես այսօր ձեզ ասում եմ՝ որպես Ծառուկյան Գագիկ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»:

Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել էր կառավարության 100 տոկոսի հրաժարականի հարցին:

Իսկ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով  գործադիր մարմնի այսօրվա ղեկավարի հրաժարականին, ընդգծեց՝ այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը համառում է և հրաժարական չի տալիս, ավելին՝ փորձում են Ազգային ժողովը լուծարելու միջոցով հասնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու հնարավորությանը:

«Եթե անգամ ընդունենք վատթարագույն սցենարը, որ իրեն հաջողվում է, հիմա ուզում են «ամենասահմանադրագետ» Վահագն Հովակիմյանի միջոցով, շրջանցելով Սահմանադրությունը, ստանալ լիազորություն՝ Սահմանադրության 92-րդ հոդվածում անել փոփոխություն, որ առանց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, ինքը պահպանի վարչապետի լիազորությունը, և գնան ԱԺ լուծարման, նույնիսկ այդ վատթարագույն տարբերակը, ես չեմ կարծում, որ իրեն պիտի թողնեն իր սատելիտների հետ, որ գնում, իր ձեռքը սեղմում են, այդ մարդ-կուսակցությունները, որ ունեն 1 հատ կողպեք, 1 հատ կնիք և որևէ համակիր, որևէ կուսակցական չունեն, չեմ կարծում, որ իրեն պիտի թողնեն, որպեսզի ինքը իր սատելիտների, իր գրպանային մարդ-կուսակցությունների հետ գնա ընտրության: Ես կարծում եմ՝ պիտի գնալ արտահերթ ընտրությունների»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս