«Վարչապետը շատ սխալ իրավական հայտարարություններ է անում, որի տակից սերունդներով դուրս չենք գալու». Տարոն Սիմոնյան
«Առուշ Առուշանյանի հետ ինչ-որ առումով մարտական ընկեր ենք, որովհետև նույն դիրքերում ենք անցկացրել պատերազմի մի քանի օրերը»,- Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ եկել է տեղեկանալու, թե ինչ քրեական գործ է, ինչ հոդվածով, հասկանալու գործընթացի տրամաբանությունը:
«Այն հոդվածը՝ 225.1, որով քրեական գործ է հարուցված՝ ապօրինի հավաքներ կազմակերպելը, այս հոդվածով երբևէ դատական ակտ չի եղել: Այս նույն հոդվածն է, երբ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի նկատմամբ գործ հարուցվեց, հասկանում եք, որ դրա ներքո որևէ ոչ իրավական, ոչ փաստական հիմք չկա»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, գրեթե վստահ է, որ դատարանն այս հիմքով հետագա ընթացք չի տա:
Պատգամավորը նկատեց, որ նման սխալ իրավական գործընթացների տրամաբանության ներքո անընդհատ քաղաքական լարվածություն է առաջանում.
«Այսօր մենք դրա իրավունքն ու հնարավորությունը չունենք Հայաստանի Հանրապետությունում, մենք բոլոր գործիքները պետք է օգտագործենք՝ ազգին միասնականության տրամաբանության մեջ պահելու, այլ ոչ թե անընդհատ տարանջատելու: Փաստական հանգամանքն այն է, որ ցույց են կազմակերպել, կոչ է եղել ցույց կազմակերպելու, և ցույց կազմակերպվել է, այլ փաստական հանգամանք չկա, և այդ փաստական հանգամանքներն ապօրինի ցույց կազմակերպելու հետ առնչություն չունեն: Ավելին ասեմ՝ ցույցն ապօրինի՞ է, թե՞ ոչ, հենց համայնքն ու համայնքապետարանն են այդ որոշումը կայացնում, բայց համայնքապետին են ձերբակալել»:
Տարոն Սիմոնյանը հավելեց, որ մենք հիմա գտնվում ենք այնպիսի սոցիալ-քաղաքական ծանր պայմաններում, որ ամեն նման գործընթացի հետևանքով ավելի ենք բարդացնում իրավիճակը:
«Փոխանակ իրավիճակը բերենք կայուն դաշտ, ազգային ներուժը համախմբենք, որովհետև պատերազմը չի ավարտվել, որովհետև թշնամին արդեն Սյունիքի դարպասներում է գտնվում, մենք անընդհատ մի նոր գործողություն կատարելով՝ իրավիճակը լարում ենք, քաղաքական հայտարարություններ ենք անում, շատ սխալ իրավական հայտարարություններ ենք անում վարչապետի խոսքերով, որի տակից սերունդներով դուրս չենք գալու, խոսքը սահմանների մասին է, որ վարչապետն ասում է՝ օրենքով է: Օրենքով՝ միջպետական սահմաններ չի հաստատվում, երբե՛ք, թող որևէ մեկին դրանով չխաբի»,- եզրափակեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը առավոտյան 6:30-ի սահմաններում բերման էր ենթարկվել ոստիկանություն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել քրեական գործի շրջանակներում և փոխանցվել Քննչական կոմիտե:
Հիշեցնենք, նաև, որ երեկ երեկոյան Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել էր գորիսեցիներին, որպեսզի վաղ առավոտյան ավտոերթով ուղևորվեին Սյունիքի դարպասներ և թույլ չտային վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք:
Մանրամասները՝ տեսանյութում