Բաժիններ՝

«Ակումբի գործունեությունը պատշաճ կազմակերպելու համար հիմնական խոչընդոտը հանդիսացել և այս պահին էլ հանդիսանում է ՀՖՖ ներկայիս ֆեյքային ղեկավարությունը». Ռաֆիկ Հայրապետյան

2019թ. դեկտեմբերի 23-ին կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) արտահերթ ժողովի ընթացքում կասեցվեց «Նորացված Փյունիկ» ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպության անդամակցումը:

Այդ պահից ««Նորացված Փյունիկ» ՖԱ» Հ/Կ-ն կորցրեց նաև ՀՖՖ անդամակցությունից բխող իր իրավունքները, ներառյալ՝ ժողովներին մասնակցելու և քվեարկելու իրավունքը:

Նշենք նաև, որ Ակումբից ՀՖՖ-ն բացատրություն էր պահանջել, թե ի՞նչ գործունեությամբ է այն զբաղվում, բայց Ակումբը որևէ տեղեկություն չի տրամադրել՝ ՀՖՖ-ի համար ոչ հաճո պատասխանով արձագանքելով այդ պահանջին:

Եվ ահա 2020թ. դեկտեմբերի 28-ին տեղի է ունենալու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) անդամների 20-րդ հերթական ժողովը:

Մինչ այդ 21.12.2020թ.​​​​​​ ««Նորացված Փյունիկ» ՖԱ» ՀԿ-ին հասցեագրված ծանուցմամբ տեղեկացվել է այն մասին, որ առկա են բոլոր հիմքերը Ակումբին ՀՖՖ անդամությունից հեռացնելու համար, սակայն, հիմք ընդունելով երկրում հայտարարված համաճարակային և ռազմական դրությունը, «մեծահոգաբար» ՀՖՖ գլխավոր քարտուղարը որոշում է կայացրել ««Նորացված Փյունիկ» ՖԱ» ՀԿ-ի ՀՖՖ անդամությունից հեռացնելու հարցը չներառել 28.12.2020 թ.-ին կայանալիք ՀՖՖ Ժողովի օրակարգում։

168.am-ի տեղեկություններով՝ ««Նորացված Փյունիկ» ՖԱ» ՀԿ-ն շատ ուշագրավ պատասխան է տվել ՀՖՖ-ին, որը ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանի Հանրապետությունը ներկա պահին բախվել է ոչ միայն առողջապահական համաճարակի և ռազմական դրության հետ, այլ նաև հայկական ֆուտբոլ ներմուծված ֆուտբոլային համաճարակի հետ, որի առաջացման ակունքներում կանգնած են ՀՖՖ կանոնադրության կոպիտ խախտումներով ՀՖՖ ղեկավար պաշտոնները ուզուրպացրած անձինք։

Հետևապես, Ակումբի գործունեությունը պատշաճ կազմակերպելու համար հիմնական խոչընդոտը հանդիսացել և այս պահին էլ հանդիսանում է ՀՖՖ ներկայիս ֆեյքային ղեկավարությունը, ինչպես նաև իրենց կողմից հայկական ֆուտբոլ ներմուծված ֆուտբոլային համաճարակը։

Ինչպես մարդկության պատմության բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր, վստահաբար, առողջ բոլոր ուժերի կողմից կհաջողվի հաղթահարել թե երկրի առողջապահական համակարգում, թե ֆուտբոլային համակարգում առկա համաճարակները։ Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՖՖ բոլոր այն պաշտոնյաները, որոնք, օգտվելով երկրում ստեղծված քաոսային իրավիճակից, ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված են եղել հայկական ֆուտբոլում ապօրինի որոշումների կայացման մեջ, այդ թվում՝ ՀՖՖ կանոնադրության կոպիտ խախտումներով Ակումբի անդամությունը կասեցնելու և ակնհայտ սուտ մատնություններ կատարելու մեջ, պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,- ՀՖՖ-ին տված իր պատասխանում նշել է ««Նորացված Փյունիկ» ՖԱ» ՀԿ նախագահ Ռաֆիկ Հայրապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս