Եթե կան դասադուլին միանալու ցանություն ունեցող դասախոսներ, ապա դա իրենց սահմանադրական իրավունքն է, որևէ մեկը չունի իրավասություն այդ իրավունքը վերցնել մարդկանցից. Շուշան Դանիելյան

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել է դեկտեմբերի 22-ից, ժամը 12:00-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով սկսվող դասադուլների և գործադուլների մասին։

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մի շարք ֆակուլտետներ արդեն հայտարարել են, որ միանում են համազգային անհնազանդության միջոցառումներին՝ տարածելով համապատասխան հայտարարություն:

Մեր տեղեկություններով՝ վաղվա դասադուլին և գործադուլին միանալու են նաև Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) դասախոսներն ու ուսանողները։

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանից։ Հարցին՝ արդյոք վաղը բուհը և՞ս կմիանա ընդդիմադիրների՝ դասադուլների և գործադուլների պահանջին, նա պատասխանեց.

«Եթե կան դասախոսներ, ովքեր ունեն ցանկություն միանալու դասադուլին, ապա դա իրենց սահմանադրական իրավունքն է, և որևէ մեկն իրավասություն չունի այդ իրավունքը վերցնել մարդկանցից, միանշանակ կարող եմ ասել, որ վարչական լծակ չի կիրառվի բուհի կողմից։ Հավելեմ նաև, որ բուհն ապաքաղաքական կառույց է, և բուհի վարչակազմը երբևէ վարչական լծակ չի կիրառել և չի էլ կիրառի իր աշխատակիցների նկատմամբ։ Որպես օրինակ ասեմ, ո՛չ 2018 թվականի ապրիլին, ո՛չ էլ հիմա բուհի կողմից որևէ ուղղորդված գործողություն չի իրականացվել և չի իրականացվելու։ Իսկ մարդիկ ազատ են իրենց իրավունքներն իրացնելու հարցում»։

Տեսանյութեր

Լրահոս