«Այդ երթի մասնակիցներից մեկը տեսավ իմ դեմքը, ասաց՝ ա, դա դու ես, և բռունցքով հարվածեց մարմնիս ու կոտրեց բարձրախոսը». Սոնա Աղեկյան
«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ դեկտեմբերի 19-ին Եռաբլուրում տեղի ունեցած դեպքերին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սգո երթ էր կազմակերպվել դեպի Եռաբլուր, իսկ պանթեոնում հավաքվել էին զոհվածների հարազատներ և այլ մարդիկ, ովքեր ցանկանում էին թույլ չտալ, որ վարչապետը մտնի Եռաբլուր: Երթն ուղեկցվում էր «Նիկոլ, վարչապետ» վանկարկումներով, ծափահարություններով և սուլոցներով: Ոստիկանական ուժերի կոշտ միջամտությամբ հնարավոր եղավ ապահովել վարչապետի մուտքը պանթեոն:
«Նիկոլ Փաշինյանը հանեց հային հայի դեմ ամենաթանկ վայրում՝ սրբավայրում, մեր հերոս տղաների գերեզմանների մոտ»,- ասաց Աղեկյանը:
Սոնա Աղեկյանն այն մարդկանց շարքերում էր, ովքեր պատրաստվում էին Նիկոլ Փաշինյանին թույլ չտալ մտնել Եռաբլուր:
«Այդ երթի մասնակիցներից մեկը տեսավ իմ դեմքը, ասաց՝ ա, դա դու ես, և մոտենալով, Էրատոյի անմիջական հրամանով, բռունցքով հարվածեց մարմնիս և կոտրեց բարձրախոսը, որով ես վանկարկում էի՝ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հողատու», և ինձ հետ միասին՝ մյուս հայերը: Այնպիսի մի դաժանություն, արյան ծարավ կար այդ տականքի աչքերի մեջ: Ստորը կարողացավ հասնել նրան, որ սողեսող, սողալով հասավ և փորձեց պղծել մեր հերոսների սուրբ շիրիմները»,- ասաց Աղեկյանը:
Նա նաև անդրադարձավ այն փաստին, որ Եռաբլուրում հնչում էին «Նիկոլ, վարչապետ» վանկարկումները և ծափահարություններ:
«Ապշել կարելի էր, տրիբունայի վրա կանգնած մարդիկ գոռում էին՝ «Նիկոլ, վարչապետ», «ուռա», սարսափել կարելի էր: Ես իրենց հարցնում եմ՝ ինչո՞ւ ձեր Նիկոլը չպատասխանեց Ալիևին, երբ նա ասաց, որ Հայաստանի ղեկավարներից Ադրբեջանին և Թուրքիային ամենաձեռնտու ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, ինչո՞ւ չպատասխանեց Ալիևին, երբ նա ասաց, որ ադրբեջանական «փառահեղ զորքը» «փառապանծ» հաղթանակ տարավ օկուպանտ երկրի հանդեպ»:
Աղեկյանը նաև պնդեց, որ Եռաբլուրում կար նաև մի սևազգեստ կին, ով ամուսնացած չէ, երեխաներ չունի, սակայն ձևանում էր զոհվածի մայր: Նա նաև ցույց տվեց մի լուսանկար, որում պատկերված էր Ռուսաստանում վաճառվող մսամթերք՝ «Զինվորի բաժին» գրառմամբ:
«Այս բաստուրման վաճառվում է Ռուսաստանում, Կրասնոյարսկի բոլոր խանութներում, որի վրա հստակ գրված է՝ «Զինվորի բաժին»»: