«Սա ևս մի դրսևորում է, որ իշխող քաղաքական ուժի կողմից հանրության մեջ ներարկված թույնի, թշնամանքի չափաբաժիններն ունենալու են վատ հետևանքներ, և շատ դժվար է լինելու դա հաթահարել». Ռուբեն Մելիքյան

Այսօր առավոտյան իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ադրբեջանի ազգային հերոսի ուղիղ հրահանգով հենց հիմա բերման են ենթարկում երգչուհի Շուշան Պետրոսյանին։ Որևէ մեկը նախապես նրան չէր հրավիրել ոստիկանություն կամ որևէ կերպ չէր տեղեկացրել, որ իրեն ուղղված հարցեր կան։ Սա բացարձակ ապօրինություն է»։

168.am-ի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանը, ով պաշտպանում է Շուշան Պետրոսյանի շահերը, ասաց, որ երգչուհու բերման ենթարկվելուց հետո ոստիկանությունում իրենց պարզաբանել են, որ Շուշան Պետրոսյանին փնտրել են ու չեն կարողացել գտնել, ինչը տարակուսանք է առաջացրել, քանի որ, մեղմ ասած, շատ դժվար է չգտնել Շուշան Պետրոսյանին, եթե փնտրում եք:

«Խոսքը վերաբերում է այն միջադեպին, որը տեղի էր ունեցել օրեր առաջ: Միջադեպը որևէ հետևանք չի առաջացրել և պայմանավորված է եղել մի քաղաքացու կողմից Շուշան Պետրոսյանի նկատմամբ վիրավորանքներ հնչեցնելով, այն նույն վիրավորանքները, որոնք որ Նիկոլ Փաշինյանի ֆեյքերը 2.5 տարի տարածել և թշնամանք են հարուցել տարբեր մարդկնց նկատմամբ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին ոստիկանություն դիմած Երևանի բնակիչ 56-ամյա Ելենա Պետրոսյանը ահազանգել էր Ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12։40-ի սահմաններում, Կորյունի փողոցում գործող «Արմենիա» խանութում իր հետ վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ Շուշան Պետրոսյանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

«Այդ կինը խանութում ինձ տեսավ ու սկսեց գոռգոռալ, թե դավաճաններն ինչ գործ ունեն այս խանութում: Ազգի դավաճան, հողատու, դավաճան-սրիկաներ: Դա նորմալ երևույթ ա՞: Ես իմ քաղաքում մտնում եմ խանութ, ու ինչ-որ կին իրեն թույլ է տալիս ամենավերջին բառերով ինձ վիրավորել: Ինձ երկիրը ծախող անվանելը կարծում եմ  տգեղ բան է»,- հետագայում միջադեպը մեկնաբանելիս ասել էր երգչուհին:

Ռուբեն Մելիքյանը նշեց նաև, որ իրենք պատրաստ ենո ստիկանության հարուցած վարույթին պատշաճ կերպով մասնակցել:

«Պնդում ենք, որ Շուշան Պետրոսյանի արարքում որևէ հանցակազմ չի եղել, և սա ևս մի դրսևորում է, որ այս իշխող քաղաքական ուժի կողմից հանրության մեջ ներարկված թույնի, թշնամանքի չափաբաժինները ունենալու են վատ հետևանքներ, և շատ դժվար է լինելու դա հաթահարել»,- ասաց իրավապաշտպանը:

Ռուբեն Մելիքյանը ընդգծեց նաև, որ ոստիկանության բաժնում Շուշան Պետրոսյանի նկատմամբ վերաբերմունքը եղել է ոչ թե նորմալ, այլ ընդգծված հարգալից, և այդ առումով որևէ բողոք իրենք չունեն:

Տեսանյութեր

Լրահոս