«Չկա տարբերակ, որ Նիկոլը մնա. իր ուզելով չէ». Վազգեն Մանուկյան

Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու հարակից տարածքից ժամը 17:00-ին մեկնարկած ընդդիմության կազմակերպած Արժանապատվության երթի մասնակիցները  Երևանի  փողոցներով քայլելով հասան մինչև Աբովյան փողոցի վրա գտնվող Ս․ Աննա եկեղեցի, որի բակում  խարույկ  վառեցին: Երթին միացել էր նաև Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Չկա տարբերակ, որ Նիկոլը մնա, այդպիսի տարբերակ չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանը:

Լրագրողի հարցին՝ Փաշինյանը չի՞ տեսնում բավարար կամարտահայտություն ժողովրդի կողմից, որ հեռանա, Մանուկյանը պատասխանեց, որ Փաշինյանը շատ բան չի տեսնում, և այնքան բան չտեսավ, մինչև մեր երկիրը կործանեց:

Լրագրողի դիտարկմանը, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դժգոհում էր՝ ասելով, թե ինչո՞ւ իրենք միանան ձեզ,  դուք կարող եք միանալ իրենց, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ այս պահին իրար միանալու հարց դրված չէ, իսկ ԼՀԿ-ի հետ ընդհանուր օրակարգ ձևավորելը չբացառեց:

«Հիմա հարցը դրված է՝ Նիկոլ Փաշինյանին հանել, ստեղծել ժամանակավոր կառավարություն, փորձել երկիրն այս վիճակից մի քիչ հանել և ընտրություններ կազմակերպել»:

Հարցին, թե երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հրաժարական տալու մտադրություն չունի, ինչպե՞ս են պատկերացնում  նմանատիպ ակցիաներով  հասնել դրան, Վազգեն Մանուկյանը պատասխանեց.

«Դա նշանակում է, որ ինքը մինչև կյանքի վերջ կմնա այդտե՞ղ: Ինքը երբեք էլ չի ունենա իշխանությունից հրաժարվելու ցանկություն, իր ցանկությունով չի, ժողովրդի ցանկությունով է, և մենք այժմ ձևավորում ենք ժողովրդի ցանկությունը… Ոտքի կանգնեք, դարձեք կարգին պետություն, տնտեսություն զարգացրեք, բոլոր հարցերն էլ կլուծվեն: Գերմանիան ծնկի իջած էր և Առաջին համաշխարհային պատերազմից հետո և Երկրորդից, հիմա Եվրոպայի ամենահզոր երկիրն է…»,- իր տեսակետը հիմնավորեց Վազգեն Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս