Շփման գիծն այնքան մեծ է, որ ռուս խաղաղապահները ֆիզիկապես չեն կարող բոլոր հատվածները լիարժեք վերահսկել. Սարո Սարոյան. tert.am

Saro Saroyan

Տեղեկությունը շատ քիչ է և չեմ կարող հստակ նշել, թե ինչ հանգամանքներում է եղել միջադեպը, սակայն այստեղ դիրքային խնդիր եմ տեսնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց քաղաքագետ Սարո Սարոյանը՝ անդրադառնալով Արցախում պահեստազորայինների վիրավորվելու դեպքին։

«Արդյո՞ք սպասելի էր, որ առանձին դիրքերի հետ կապված ադրբեջանական կողմը կարող էր ինչ-որ քայլերի դիմել, իհարկե սպասելի էր, ինչպես նաև հնարավոր է հայկական կողմն էլ բավարարված չլինի առանձին դիրքերի հետ կապված և փորձի սահմանազատումներ կամ առանձին դիրքեր վերցնել և նպաստավոր իրավիճակ ստեղծել. հետպատերազմյան իրավիճակներում նման դեպքեր լինում են»,-նշեց Սարո Սարոյանը։

Խոսելով՝ Արցախում ռուսական խաղաղապահների ներկայության մասին, Սարո Սարոյանը նշեց. «Շփման գիծը այնքան մեծ է, որ ռուս խաղաղապահները ֆիզիկապես չեն կարող բոլոր հատվածները լիարժեք վերահսկել, և բնական է, որ ռուսական խաղաղապահությունը չի կարող նման դեպքերում լուրջ ազդեցություն ունենալ։ Իսկ, թե որքանով հետևողական կլինի հետաքննություն վարելու և պարզելու, թե ով էր նման իրավիճակում նախահարձակ կողմը, դա այլ հարց է: Վերլուծության ենթակա է, թե Ռուսաստանը նախահարձակ կողմին պարզելո՞ւ է, թե ոչ և եթե պարզեց, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, և կարելի է հասկանալ՝ ռուսական կողմը ինչ մտադրություններ ունի»:

Դիտարկմանը, թե պատերազմի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ նշեց վերիֆիկացիոն մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին, Սարոյանը նշեց, որ հնարավոր է, որ մեխանիզմները դրվել են, բայց ամբողջությամբ վերահսկումը շատ բարդ գործընթաց է:

«Ենթադրենք՝ անօդաչու թռչող սարքերով պետք է մոնիտորինգ իրականացնել, ֆիզիկապես հնարավոր չէ այդքան անօդաչուներ օդում պահել անընդհատ, կամ գիշերային ժամերին սահմանային փոխատեղումներ և անցումներ կարող են լինել: Այնպես, որ ռուսական խաղաղապահներն ավելի շատ քաղաքական գործեն են, ոչ թե շփման գծի լիարժեք վերահսկողություն են ապահովելու»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս