ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայումը կայունացրել է իրավիճակը. Սերգեյ Շոյգուն ամփոփել է տվյալները
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը թույլ է տվել կայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ բարձրաստիճան սպաների հետ հանդիպման ժամանակ:
«Պատերազմի դադարեցման մասին ստորագրված եռակողմ հայտարարության պայմանները պահպանվում են: Խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զոհվածների մարմինների փոխանակումը: Խաղաղապահները ապահովել են ավելի քան 30 հազար փախստականների վերադարձը։ Նրանք պայթունավտանգ առարկաներից ազատում են տեղանքը եւ ընդհանուր օգտագործման ճանապարհները: Մաքրվել է 50 հեկտար տարածք և ավելի քան 17,5 կմ ճանապարհ։ Վնասազերծվել է ավելի քան հազար պայթունավտանգ առարկա: Ականազերծվել է Լաչինի միջանցքը և մինչև Ստեփանակերտ ձգվող մայրուղու 28 կմ հատվածը: Ըստ այդմ, վերականգնվել է քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը: Խաղաղապահները ուղեկցել են 3500 ավտոմեքենա:
Բացի այդ ավարտվել է Արևելյան ռազմական օկրուգի բժշկական ջոկատի տեղակայումը, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Այդ մասնագետները արդեն սկսել են բուժօգնություն ցուցաբերել անձնակազմին եւ տեղի բնակչությանը: Փոխգործակցություն է հաստատվել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչների հետ»,- նշել է Շոյգուն:
Իր ելույթի ավարտին Սերգեյ Շոյգուն ասել է, որ ռուս զինծառայողները գործում են պրոֆեսիոնալ և անում են ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն պահպանվի: