Նախագահ Արմեն Սարգսյանը փորձելու է դառնալ վարչապետ կամ իր դրածոյին դնել այդ պաշտոնում. Արա Վարդանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառումներով ոչ թե ներկայացնում է մանրամասներ Արցախի կապիտուլյացիայի վերաբերյալ, այլ այն, ինչ ինքն է ցանկանում ասել, սակայն, քանի որ ես տիրապետում եմ մի շարք մանրամասների, պարզապես կարող եմ փաստել՝ Նիկոլ Փաշինյանը ստում է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ անդրադառնալով Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում երեկվանից հրապարակվող մանրամասներին՝ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արա Վարդանյանը։

«Փաշինյանի ասածն աբսուրդ է, թե Պուտինի հետ 5-6 անգամ հեռախոսազրույց է ունեցել, որովհետև խիստ կարևոր հարցերը երկու երկրների ղեկավարների միջև քննարկվում են ոչ թե հեռախոսով, որքան էլ այդ կապը պաշտպանված լինի, այլ դեմ առ դեմ, ինչի համար էլ ցանկանում էր Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել Պուտինին»,- ասաց Վարդանյանը։

Նրա դիտարկմամբ՝ Արցախյան հարցը 2018 թվականին փակուղում չի եղել, ինչպես գրում է վարչապետը, ավելին՝ Հայաստանն ու Արցախը եղել են բանակցային գործընթացում շատ լավ դիրքերում, դրանով պայմանավորված էլ՝ Ալիևը բողոքել էր, թե իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը գրել էր, որ 2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում, ընդ որում, առանց երաշխիքի, որ Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի քաշելու:

Ըստ Արա Վարդանյանի՝ Նիկոլ Փաշինյանի այս պնդումն իրականության հետ աղերս չունի, ավելին՝ Ղարաբաղի հարցը նրա մատնանշած ժամանակահատվածում եղել է շահեկան դիրքերում։

«Այստեղ կարևոր է, սակայն, այն, որ Նիկոլը բերվել էր իշխանության, որ Արցախը հանձնի, իսկ այն հայտարարությունը, որը ստորագրել է նոյեմբերի 10-ին, հաղթական է Ռուսաստանի համար, որովհետև այս երկու տարիներին Հայաստանն ավելի շատ ենթարկվում էր Արևմուտքի ազդեցությանը, իսկ հիմա հակառակն է՝ մեծացել է Ռուսաստանի ազդեցությունը։ Ըստ Փաշինյանի տերերի նախանշածի, սակայն, Արցախը պետք է հանձնվեր ամբողջությամբ, որից հետո Հայաստանում պետք է սկսվեին հակառուսական տրամադրություններ, սակայն դա տեղի չունեցավ»,- ասաց Վարդանյանը։

Քանի որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներն արդեն մտել են Արցախ և դրանով հանդերձ ձախողել Արևմուտքի պլանը, հիմա չի բացառվում, որ Արևմուտքը խաղի մեջ դնի երկրորդ պլանն ու երկրորդ խաղացողին։

«Այդ պլան Բ-ն կարող է լինել նախագահ Արմեն Սարգսյանը՝ Նիկոլի հեռացնելով, որն իր գործն արդեն արել է։ Քանի որ Արևմուտքի պլանը շարունակում է մնալ ռուսական ազդեցությունից Հայաստանի դուրս գալը, ինչը որոշակի չափով իրականացրեց Փաշինյանը, ուստի դրա համար երկրորդ խաղացողին կմտցնեն։ Արմեն Սարգսյանը նույնիսկ ասում է, որ այս Կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի, բայց ես մեր ժողովրդի աչքերը ցանկանում եմ բացել. մի՛ կապեք Արմեն Սարգսյանի հետ որևէ լավատեսություն, նա այս մեծ խաղի անբաժանելի մասն է։ Երբ ՀՀ-ի Սահմանադրությունը բազմաթիվ անգամներ տապալվում էր, նա լուռ էր, բայց հիմա խախտեց այդ լռությունը, բայց չէ՞ որ, եթե նա Սահմանադրությունը խախտելու ժամանակ չլռեր, մենք հիմա կարող էինք ապրել այլ Հայաստանում, որտեղ Փաշինյանը վարչապետ կարող էր չլինել։ Հիմա ես ասում եմ, որ Արմեն Սարգսյանը փորձելու է ստանալ Ազգային ժողովի վստահությունն ու դառնալ Հայաստանի վարչապետ, կամ իր դրածոյին դնել այդ պաշտոնում, սակայն իրադարձություններից առաջ ընկնելով՝ պետք է ասեմ՝ ընդդիմությունն Արմեն Սարգսյանի խաղը չի՛ խաղալու, որովհետև նա Նիկոլ Փաշինյանի շարունակությունն է»,- ասաց Արա Վարդանյանը։

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների համար ընդունելի և կոնսենսուսային թեկնածուի ընտրությանը, Արա Վարդանյանը կարծիք հայտնեց, թե նման թեկնածու կարող է լինել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Կարծում եմ, որ Վազգեն Մանուկյանն իր փորձով կարող է լինել այն միավորող անձը, որը կարող է 5-6 ամիսների ընթացքում ազգը համախմբել ու լուծումներ տալ շատ հարցերի՝ գերիների վերադարձ, Արցախի կարգավիճակ, ստորագրված փաստաթղթի վերաբանակցում և այլն»,- ընդգծեց Վարդանյանը։

Հնարավո՞ր է արդյոք որևէ բան փոխել արդեն ստորագրված փաստաթղթում այդ վերաբանակցման արդյունքում՝ հարցին ի պատասխան՝ Վարդանյանը նկատեց, որ այն ստորագրվել է ընդամենը 5 տարով, իսկ 5 տարով ստորագրված փաստաթուղթը կյանքի երաշխիք չի կարող տալ այն արցախցիներին, որոնք պետք է վերադառնան Արցախ ու մտածեն, թե ինչ է իրենց հետ լինելու 5 տարի անց։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս