Նիկոլ Փաշինյանի ՌԴ այցի չեղարկման բուն պատճառը և կառավարության պարզաբանումը

Այսօր հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն չեղարկվել է, քանի որ նրան չի հաջողվել բարձր մակարդակի հանդիպում ստանալ ՌԴ ղեկավարությունից: Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպելու ՀՀ բոլոր ջանքերը ձախողվել են: ՀՀ վարչապետի արարողակարգի ղեկավարը հետ է կանչվել Երևան:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) էր գործուղվել աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը՝ այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Ռուսաստանյան մեր աղբյուրների հավաստմամբ՝ նա ռուսական կողմի հետ փորձում էր համաձայնություն ձեռք բերել՝ այցը պետական մակարդակով անցկացնելու համար։  Որոշման մեջ, սակայն, նշված չէր, թե վարչապետի մոսկովյան այցն արդյո՞ք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում է  լինելու, թե՞ օրակարգում այլ հանդիպումներ են:

168.amի հետ զրույցում ՀՀ կառավարությունից հաստատեցին այցի չեղարկման մասին տեղեկությունը, սակայն այլ պատճառաբանություն ներկայացրեցին:

«Իրականությանը չի համապատասխանում այդ «քանի որ»-ից հետո ինչ որ Դուք ասեցիք: Այցը վերաբերում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Որոշում է կայացվել նիստն անցկացնել հեռավար կարգով: Այդ մասին նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի ներկայացուցիչն է արդեն իսկ հայտարարել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:

Հստակեցնող հարցը, թե՝  «պարզաբանումը, որ քանի որ վարչապետին չի հաջողվել բարձր մակարդակի…», ավարտել չկարողացանք, Արմեն Խաչատրյանը շտապեց նորից հերքել:

«Իրականությանը չի համապատասխանում»,- կրկնեց նա:

168.amի ռուսաստանյան աղբյուրների հավաստմամբ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի հեռավար կարգով անցկացնելու փաստը հայտնի էր դեռևս չորս օր առաջ, իսկ Փաշինյանն ակնկալում էր պետական այց և երկկողմանի հանդիպումների օրակարգ, և նրա արարողակարգի ղեկավարը հենց այդ նպատակով էր գործուղվել։

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ըստ 168.amի աղբյուրների՝ Փաշինյանի այցը մեկ նպատակ էր հետապնդում․ նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցանկանում էր «գործարք» առաջարկել՝ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ Միութենական պետություն է կազմում, իսկ նա պահպանում է ՀՀ վարչապետի պաշտոնը։

Ռուսաստանյան կողմին, սակայն, հունից հանել են նրա որոշ հայտարարություններ և գործողություններ։ Ռուսական կողմը  չի թաքցնում՝ չի վստահում Փաշինյանին։ Եվ թեև Փաշինյանը ՌԴ ղեկավարությանը հասցրել է իր մտադրության մասին՝ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ Միութենական պետություն կազմելու կապակցությամբ,  ռուսական կողմն այդ առաջարկի հետևում տեսնում է արևմտյան աշխարհաքաղաքական կենտրոններին։ Նրանք տեղեկություններ ունեն, որ այդ առաջարկից հետո Հայաստանում արևմտամետ ուժերին ոտքի կհանեն՝ ընդդեմ Ռուսաստանի։ Եվ Փաշինյանի այդ «գործարք»-առաջարկը որպես երկակի խաղ են գնահատում։ Երկու դեպքում էլ նպատակը ՀՀ վարչապետի պաշտոնը պահպանելն է։

Տեսանյութեր

Լրահոս