ՀՀ մուտք գործելիս սահմանին գործում են Covid-անվտանգության նորմեր. ԱԱՏՄ
Դեպի ՀՀ ուղեւորահոսքի ավելացման համատեքստում՝ «Զվարթնոց» օդանավակայանում լրացուցիչ հերթերից եւ կուտակումներից խուսափելու համար ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկին հիշեցնում է Covid-անվտանգության ընթացակարգերը ՀՀ մուտք գործող անձանց համար։
Ուժի մեջ է ՀՀ կառավարության N 1756-Ն որոշումը, ըստ որի, եթե ՀՀ մուտք գործող անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ապա ազատվում է ինքնամեկուսացման պարտավորությունից: Եթե առկա չեն վերը նշված վաղեմության Covid-բացասական թեստ եւ դա հիմնավորող փաստաթղթեր, ապա անձը պարտադիր պետք է թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։
«Չվերթերն աստիճանաբար վերականգնվում են նաեւ «Շիրակ» օդանավակայանում, ուստի այս առումով եւս տեղեկացնում ենք, որ այնտեղ գործում են Covid-նմուշառման կետեր։ Covid-թեստի պատասխանի առկայությունը ՀՀ մուտք գործող անձի մոտ ստուգում են ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը։ Միաժամանակ նաև ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, և այդ մասին տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման, որից հետո միայն ոստիկանության աշխատակիցը թույլատրում է ժամանած անձի ելքը օդանավակայանից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիների հանդեպ ԱԱՏՄ կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ)։ Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ: