ԱՄՆ-ում «սև ուրբաթի» առցանց-վաճառքները դարձել են ռեկորդային
ԱՄՆ-ում սեզոնային «սեւ ուրբաթի» առցանց-վաճառքները հասել են ռեկորդային 9 միլիարդ դոլար, ինչը 22 տոկոսով ավելի է անցյալ տարվա ռեկորդից: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով Adobe Analytics-ի տվյալները:
Էլեկտրոնային առեւտրի կտրուկ ավելացում է դիտվել ինչպես խոշոր ռիթեյլերների, ներառյալ Walmart Inc.-ը եւ Target Corp.-ը, այնպես էլ ոչ մեծ ընկերությունների մոտ:
Մեծ խանութներում վաճառքները Գոհաբանության օրը եւ «սեւ ուրբաթին» հինգ անգամ ավելացել են հոկտեմբեր ամսի միջին մակարդակի համեմատությամբ, ոչ մեծ ռիթեյլերներինը՝ չորս ու կես անգամ: Միեւնույն ժամանակ, այցելուների քանակությունը ԱՄՆ-ի ֆիզիկական խանութներում ընկել է 52 տոկոսով, քանի որ ռիթեյլերները փորձել են խուսափել մարդկանց կուտակումներից, վկայում են Sensormatic Solutions-ի տվյալները: Ինչպես նշում է RetailNext-ը, ոչ էլեկտրոնային վաճառքների առավել մեծ նվազում է գրանցվել այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են ոսկերչական ապրանքները եւ կոշիկը:
Հագուստի վաճառքները ֆիզիկական խանութներում ընկել են 50 տոկոսով, տան համար ապրանքները՝ 39 տոկոսով: Չնայած այդ նվազմանը, «սեւ ուրբաթի» ժամանակաշրջանը կարող է ամենաակտիվներից մեկը դառնալ ընթացիկ տարում ԱՄՆ-ի ֆիզիկական խանութների համար, կարծում է Sensormatic Solutions-ի գլոբալ ռիթեյլի բնագավառում կոնսալտինգի գծով ավագ տնօրեն Բրայան Ֆիլդը: Նա կարծում է, որ բազմաթիվ սպառողներ նախատոնական ժամանակաշրջանում անձամբ կգնան գնումների, բայց դրա համար կընտրեն աշխատանքային օրեր, երբ խանութներում այցելուներն ավելի քիչ են:
Adobe-ի վերլուծաբաններն սպասում են, որ կիբեռերկուշաբթին, որը հաջորդում է «սեւ ուրբաթին», առցանց-վաճառքների ամենախոշոր օրը կդառնա ԱՄՆ-ի պատմության մեջ: Նրանց կանխատեսումների համաձայն, այդ օրը ծախսերը կկազմեն 10,8-12,7 մլրդ դոլար: Փորձագետներն ինտերնետ-վաճառքների կտրուկ ավելացումը բացատրում են այն բանով, որ սպառողներն սկսել են առցանց գնել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են՝ սննդամթերքը եւ ալկոհոլը, որոնց համար համավարակից առաջ նրանք խանութներ էին գնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: