ԱԺ բարձրաստիճան պաշտոնյան նամակ է գրել մտավորականին և կոչ արել չմասնակցել երթին. սքրինշոթը կա. Ռուբեն Մխիթարյան

Ազատության հրապարակից մտավորականները միաբանության երթ են անցկացնում դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն: Նամակներ են հանձնելու բոլոր դեսպանատներին՝ խնդրանքով, որ օգտագործեն իրենց ազդեցությունն ամբողջությամբ՝ ստիպելու Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին և զոհված զինծառայողների դիերը: Առաջինը դիմում են ՌԴ դեսպանատուն, քանի որ վերջինը մեծ ազդեցություն ունի արցախա-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման հարցում: Ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե նոյեմբերի 10-ից սկսած տեսնեին հստակ գործողություններ, ապա այս երթը դեպի դեսպանատներ չէր լինի, այլ այդ գործով զբաղվող մարմիններ, կփորձեին աջակցել, որ հարցը լուծվի:

«Պատերազմի դադարից անցել է արդեն շատ երկար ժամանակ: Եկեք ֆիքսենք, որ նույնիսկ պատերազմի ընթացքում էր պետք իմանալ, թե քո որ զինվորը ե՞րբ է գերի ընկել, կամ քո որ անհետ կորածը մոտավորապես որ տարածքում է եղել, որ ծնողներին գոնե ինչ-որ չափով տեղեկատվություն տրվի, որ մարդիկ իմանային, որ էս օրն էստեղից է իր երեխեն կորել և հնարավոր է էստեղ լինի»,-ասաց Մխիթարյանը:

Նա նշեց, որ այս օրերին անհետ կորածների, գերեվարվածների ծնողները պարբերաբար դիմում են ՊՆ, Կառավարություն, սակայն վերջնական պատասխան չեն ստանում:

«Մենք տեսնում ենք բառիս բուն իմաստով այդ մարդկանց մատի վրա ֆռռացնել, բառիս բուն իմաստով հավաքել, էլի հիպնոզացնող ինչ-որ տեքստեր ասել, մարդկանց ասել գնացեք, սպասեք, ամեն ինչ լավ է: Ամեն ինչ արդեն շատ վատ է, էլ լավ չի լինելու»,-ասաց Մխիթարյանը:

Պրոդյուսերը նշեց, որ իրենց ակցիայի նպատակը աշխարհին ցույց տալն է, որ ծնողներն իրենց խնդրի հետ մենակ չեն: Մխիթարյանի խոսքով՝ եթե այս կերպ կարողանան հայրենիք վերադարձնել գոնե մեկ գերի, կամ գոնե մեկ զոհված զինծառայողի դի, ապա իրենց ակցիան կհամարեն ստացված: Պրոդյուսերը նաև հայտնեց, որ իշխանության ներկայացուցիչները մտավորականներին նամակներ են ուղարկում, ասում, որ չգնան ակցիաների:

«Էդ որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավում գտնվող մի անձնավորություն, որը հիմա ԱԺ-ում շատ բարձր դիրք է զբաղեցում, երեկ նամակ է գրում մտավորականներից մեկին, մշակույթի գործիչներից մեկին, հորդորելով իրեն, որ ինքը չմասնակցի այս ամեն ինչին, ուզում եմ իրեն ասել, որ իր այդ գրածը տեսել է նվազագույնը 6 մարդ: Կա դրա սքրինշոթը: Իրեն հիմա ուղղակի խորհուրդ եմ տալիս այնպես մի արեք, որ այդ սքրինշոթը հրապարկենք և բոլորը տեսնեն, որ դուք, էդ որ գրել ես՝ Հայաստանում իշխանություն կա, Հայաստանում կա ֆեյքաիշխանություն, որը զբաղված է ֆեյսբուքւոմ մարդկանց նամակներ գրելով, որ իրենք չգան ու չմասնակցեն այս ակցիային: Խելոք մնա, ապեր»,-զգուշացրեց Մխիթարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս