Ո՞ր հայտնի անունները կլինեն Ֆրանսիայից Հայաստան եկող օդանավում, և ինչպե՞ս դա Նիկոլ Փաշինյանը կփորձի ծառայեցնել իր PR-ին

Նոյեմբերի 23-ին Ֆրանսիայից Հայաստան  տեղափոխվեց 30 տոննա հումանիտար օգնություն՝ բժշկական սարքավորումներ, դեղեր, արցախցիների համար առաջին անհրաժեշտության պարագաներ։ Նշվում էր, որ հաջորդ ինքնաթիռը կժամանի նոյեմբերի 27-ին:

168.am-ին հայտնի դարձավ, որ հումանիտար օգնության երկրորդ ֆրանսիական ինքնաթիռը կժամանի Հայաստան՝ ի օգնություն ու աջակցություն հայ ժողովրդի։ Այս անգամ ինքնաթիռը, սակայն, մեզ հասած տեղեկություններով, կարևոր հյուրեր ունի։

Օդանավը Հայաստան կբերի հայ ժողովրդի բարեկամ, լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին, մեծանուն հայազգի Շառլ Ազնավուրի դստերը՝ Սեդա Ազնավուրին, հարսին՝ Նիկոլա Ազնավուրի կնոջը՝ Քրիստինա Ազնավուրին, հասարակական գործիչների ու լրագրողների, ովքեր կժամանեն Հայաստան՝ հայ ժողովրդի կողքին լինելու համար այս ողբերգական օրերին։

Պատվիրակության ղեկավարը Ֆրանսիայի պետքարտուղար Ժան Բատիստ Լեմոնն է: Դրա կազմում կլինեն նաև ճգնաժամային կենտրոնի ղեկավարն ու այլ անդամները։

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն այս հանգամանքն օգտագործելու է տպավորություն ստեղծելու համար, թե այցն իր շնորհիվ է, որպեսզի փրկի իր երբեմնի վարկանիշի փշրանքները, այնինչ սա ֆրանսահայ համայնքի ու հայ բարերարների ինտենսիվ աշխատանքի արդյունքն է լինելու:

Տեսանյութեր

Լրահոս