«Եվ այդ մեկ մարդը դու ես»,- Նիկոլ Փաշինյան

Պատերազմը թնդանոթների սիմֆոնիա է, պատերազմում պարտությունից հետո պատեհ է միայն ու բացառապես լռության սիմֆոնիան։
Բայց կապիտուլյացիոն համաձայնագիր ստորագրած Հայաստանում, արդեն տասն օրից ավելի, աղմուկ է։ Հակաբնական ու հակաբանական աղմուկ։ Աղմուկ, որի հեղինակն ու սադրողը մեկ մարդ է։ Այն մեկ մարդը, ով պետք է ապահովեր թնդանոթների սիմֆոնիան պատերազմում, բայց ապահովել է թնդանոթների լռությունը։ Լռություն, որը դարձել է երաշխավորված պարտության գրավականը։

Պատերազմն առևտուր է նաև։ Առևտուր, որը կատարվում է նահատակվող հերոսների թիկունքում։ Պատերազմը երաշխիքների առևտուր է։ Թնդանոթների լռությունն ապահոված այդ մեկ մարդուն տրվել են ինչ-ինչ երաշխիքներ, ինչի դիմաց նա երաշխավորել է պարտությունը պատերազմում։ Առևտուրը կայացել է, ստացողը ստացել է, տվողը՝ տվել է, և մենք հիմա այդ առևտրի արդյունքում տեղի ունեցող ընդունման-հանձնման ականատեսն ենք։ Հայրենիքի հանձնման ականատեսը։
Պատերազմում նահատակվում են հազարավորները, բայց պատերազմը վաճառում է մեկ մարդ․․․

Այս պատերազմում մեր պարտության հիմքը դրվել է վաղուց, շատ վաղուց։ Դրվել է այն ժամանակ, երբ երկիր է սողոսկել «մեկ մարդու» սինդրոմը։ «Եվ այդ մեկ մարդու» ֆետիշացումը կատարվել է ստորագույն ճանապարհով՝ բթացնելով մարդկանց բանականությունը։ Բոլորին թվացել է, թե «այդ մեկ մարդն» ինքն է, բայց պարզվել է, որ իրականում բոլորը ծառայել են շատ որոշակի ու շատ հասցեական «մեկ մարդու» կերպարի կերտմանը։ Այն մեկ մարդու, որը հազարավոր նահատակների թիկունքում վաճառելու էր պատերազմը։

Այդ մեկ մարդը գուցե կերտվել է ամենատարբեր երկրների ամենագաղտնի ծառայությունների ամենակոդավորված ծրագրերով։ Բայց այդ «մեկ մարդու» կերտմանը նպաստել ենք բոլորս։ Պատերազմում պարտվելուց հետո պետք է քաջություն ունենալ ու խոստովանել, որ դեռ մինչև պատերազմում պարտվելը մենք պարտվել ենք այդ «մեկ մարդուն»։

«Եվ այդ մեկ մարդը» հաղթել է հասարակությանը՝ ճանապարհ հարթելով պատերազմում այդ նույն հասարակությանը պարտության տանելու համար։

«Եվ այդ մեկ մարդը» առանց հայ հասարակությանը հաղթելու չէր կարողանալու պարտվել թուրքերի դեմ պատերազմում։
Եվ այսօր, հասարակությանը հաղթած ու պատերազմում պարտված, պատերազմում թնդանոթների լռությունն ապահոված «և այդ մեկ մարդը» լուռ հեռանալու փոխարեն աղմուկ է ստեղծում ամենադժոխային ձայներով լցված մարդկանց ականջներում։«Եվ այդ մեկ մարդը» մարդկանց զրկել է անգամ լուռ մղկտալու հնարավորությունից։

«Եվ այդ մեկ մարդը» աղմկում է մեռելների մեջ։

«Եվ այդ մեկ մարդը» ցանկանում է թագավորել անգամ մեռյալներին։

«Եվ այդ մեկ մարդը դու ես»,- Նիկոլ Փաշինյան։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս