«Տրանսպորտի հետ կապված ոչ մի խնդիր չունենք». Արցախի տրանսպորտային տեսչություն
Սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմից հետո ձեռք բերված զինադադարը նոր խնդիրներ ստեղծեց արցախահայության համար: Նրանցից շատերը կանգնեցին պարտադրված տեղահանության առջև:
Այս օրերին թե՛ տարբեր լրատվականների դիմած արցախցիների խոսքերով, թե՛ համացանցում տարածվող տեղեկությունների համաձայն՝ տարհանվողները չունեն մեքենաներ` գույքը տեղափոխելու համար:
««Բերձորից եմ, դիմել եմ տեղի տաքսի ծառայություններից մեկին՝ բեռներ տեղափոխելու համար, սակայն պահանջել են մոտ 90․000 դրամ։ Ստեղծված իրավիճակում դա վճարելն անհնար է։ Կան շրջաններ, որ մարդիկ դպրոցներից չեն կարողանում պետական գույքը, գրքերը տեղափոխել։ Գոնե գան, օգնեն։ Բեռնատար մեքենաների անհրաժեշտությունը շատ մեծ է։ Մենք չենք կարող այս ամենը թողնել այստեղ։ Մենք ժամանակ չունենք։ Մարդիկ փորձում են դուրս բերել ավելի քան 20 տարվա ստեղծածը»»,- ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում ասել էր արցախցի Լենա Պողոսյանը։
Ո՞ւմ պետք է դիմեն քաղաքացիները բեռնափոխադրումների համար՝ 168.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունից տեղեկացրին, որ խնդիրն իրենց տիրույթում չէ, իսկ Արցախի կառավարության օպերատիվ շտաբի տեղեկատվության բաժնի պատասխանատու Անի Ավանեսյանը նշեց, որ այդ հարցերի համակարգմամբ զբաղվում է Արցախի կառավարությունը:
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից մեզ փոխանցեցին Ստեփանակերտի քաղաքապետարանի հեռախոսահամարը, որտեղից էլ խնդրեցին կապ հաստատել ԱՀ տրանսպորտի տեսչություն:
Տրանսպորտի տեսչությունից վստահեցրին՝ այս պահին նման խնդիր չկա. «Տրանսպորտի հետ կապված ոչ մի խնդիր չունենք, բոլորին ապահովում ենք՝ թե՛ ուղևորների, թե՛ բեռների մասով»:
Մեր խնդրանքով աշխատակիցն անդրադարձավ նաև տարածվող այն տեղեկություններին, թե կան կամավորականներ, ովքեր չեն կարողանում տեղափոխվել Հայաստան. «Այս պահի դրությամբ մի կամավոր չկա, որ մնացած լինի առանց մեքենա»: