«Մեկ-մեկ ասում են, թե նա կոպիտ բնավորություն է ունեցել, քաղքենի էր, բայց քաղքենի հրամանատարը չէր կարող հողեր ազատագրել». Գործընկերը՝ Մանվել Գրիգորյանի մասին

ԵԿՄ անդամ, Մամիկոն Գալստյանի խոսքով՝ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի հետ շփումներ շատ են եղել։

«Ուրախ և հպարտ եմ, որ աշխատել եմ Մանվել Գրիգորյանի հետ, ինձ ու բոլորիս պարծանքն է հող ազատագրող զորավարը։ Այսօր, ցավոք, վերջին հրաժեշտն ենք տալիս նրան։ Անկախ ամեն ինչից, թե մեր հասարակության մի մասն ինչ դիրքորոշում ունի, նա արդեն մնացել է հայ ժողովրդի պատմության մեջ՝ որպես հաղթանակած, հողերը ազատագրած զորավար»,- նշեց Մամիկոն Գալստյանը։

Նա ընդգծեց, որ Մանվել Գրիգորյանին հուղարկավորելու են Արշալույսի Եղբայրական գերեզմանոցում, որտեղ հուղարկավորված են նրա ծնողներն ու հարազատները, նաև նրա մարտական ընկերներից կան։

«Ես չգիտեմ, ինչու են որոշել նրան հուղարկավորել այս գերեզմանատանը, ըստ որոշ տեղեկությունների՝ խնդիրներ են առաջացրել «Եռաբլուրում» հուղարկավորելու հետ կապված։  Նրա ցանկությունն է եղել՝ հուղարկավորվել սպարապետի մոտ, որովհետև սպարապետը միշտ ասում էր, որ, եթե այսօր հերոսի կոչում պետք է տալ, պետք է առաջին հերթին տրվի Մանվել Գրիգորյանին։ Նրանք սպարապետի հետ շատ մտերիմ են եղել, խորին հարգանք ուներ Վազգեն Սարգսյանի հանդեպ։ Ուրախ եմ, որ ես Մանվել Գրիգորյանի հետ աշխատել եմ, մեկ-մեկ ասում են, թե նա կոպիտ բնավորություն է ունեցել, քաղքենի էր, բայց քաղքենի հրամանատարը չէր կարող հողեր ազատագրել, հաղթանակներ տանել։ Մեր բոլոր զորահրամանատարները եղել են պինդ, մարտի ժամանակ կարգապահ, ասում եմ՝ թուլակամ մարդն ինչպե՞ս կարող էր հաղթանակ տանել։ Նրան գնահատողը կգնահատի»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս