Արդյո՞ք Մանվել Գրիգորյանին հուղարկավորելու համար էր «Եռաբլուրի» կենտրոնական հատվածում փորված փոսը
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի կենտրոնական հատվածում փոս է փորված, թե ո՞ւմ համար, փորձեցինք պարզել ՊՆ լրատվական վարչությունից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
Ընթացակարգի համաձայն՝ «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու համար համապատասխան թույլտվություն տալիս է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ համապատասխան դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: Համենայն դեպս, նախորդ բոլոր դեպքերում այդ ընթացակարգով են տեղի ունեցել «Եռաբլուրում» հուղարկավորությունները:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը երեկ՝ զորավարի հոգեհանգստի արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե Մանվել Գրիգորյանը կհուղարկավորվի՞ սպարապետ Վազգեն Սարգսյանի կողքին, քանի որ նման ցանկություն էր հայտնել, ասաց, որ, եթե նման բան լինի, ապա դա կլինի Վազգեն Սարգսյանի սրտով։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հուղարկավորվելու է ոչ թե «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այլ հայրենի Արշալույս գյուղի Եղբայրական հուշահամալիրում:
168.am-ն այսօր փաստաբանից հետաքրքրվել է, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Մանվել Գրիգորյանին չեն հուղարկավորում «Եռաբլուրում», ինչին Արսեն Մկրտչյանը պատասխանել է, որ իր հետ խոսել է «Եռաբլուրի» ճարտապետ ներկայացած ոմն Ասլան Մխիթարյանը, որն ասել է, որ Վազգեն Սարգսյանի հարևանությամբ չեն կարող հուղարկավորել, քանի որ «Եռաբլուրի» ընդհանուր ճարտարապետական դիրքը կխախտվի»:
168.am-ը դիմել է նաև Կառավարությանը։ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն ասել է, որ այդ հարցով Կառավարությունը չի զբաղվում և որևէ առնչություն չունի։
Մի շարք հարցեր են ծագում, «Եռաբլուրի» կենտրոնական հատվածում փորված փոսն Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի՞ համար էր, թե՞ ոչ: Եթե այո. Ապա ինչո՞ւ է փոխվել մտադրությունը: Արդյո՞ք ԵԿՄ նախկին նախագահ, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Մանվել Գրիգորյանի հարազատները դիմել են ՀՀ պաշտպանության նախարարություն «Եռաբլուրի» պանթեոնում հուղարկավորելու հարցով:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մահացել է նոյեմբերի 19-ին։