Բաժիններ՝

Եթե առաջարկ լինի՝ կարող ենք պատրաստել, բայց տպավորություն է, որ նախընտրում են արտերկրից գնել․ Ինժեները՝ շնչառական սարքերի անհրաժեշտության մասին

Նոյեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 120459 դեպք, որոնցից 80069-ը`առողջացած, 1839-ը`մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38082 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 472190 թեստավորում:

Այսպիսով` ԱՆ փոխանցմամբ՝ երեկ կատարվել է 4109 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք: Ունենք 1726 առողջացած և 28 մահվան դեպք:

Վարչապետի մամուլի ծառայությունը նոյեմբերի 14-ին հայտնեց, որ կառավարությունում կայացած հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է կորոնավիրուսային իրավիճակի և վիրավոր զինծառայողների բուժօգնության կազմակերպման մասին։ Նա տեղեկացրել է, որ ներկայումս կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոց տեղափոխվելու իր հերթին սպասող քաղաքացիների թիվը 553 է: Նրանց վիճակը կամ ծանր է, կամ ծայրահեղ ծանր:

«Բայց վերջին 7-10 օրերի ընթացքում ունեցել ենք նման մինչև 850 քաղաքացի: Փորձում ենք եղած հոսպիտալային մահճակալների հզորությունները և թթվածնային կետերն ավելացնել, որպեսզի հերթում գտնվողների թիվը նվազեցենք: Փաստացի, ներկայումս ունենք կորոնավիրուսի 39 հազար 564 ակտիվ դեպք, որից ընդամենը 2500-ն է բուժվում հիվանդանոցային օղակում: Մնացածը բուժվում են տանը»,- ասել է նախարարը։

Դեռևս ապրիլ ամսին նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում երկրին, առողջապահության համակարգին աջակցելու նպատակով մի խումբ երիտասարդ ինժեներներ լծվեցին բժշկական նոր և քիչ ծախսատար շնչառական սարք ստեղծելու գործին։ Ինժեներ Արթուր Շահինյանի պնդմամբ, օրինակ, իրենց պատրաստած սարքը թթվածնով հարուստ օդ էր մղում դեպի թոքեր և հարկ եղած դեպքում նաև թոքերից արտամղում էր այն։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները չեն կարողանում նույնիսկ արտաշնչել, այս սարքավորումը նաև այդ հարցը կլուծեր։ Սակայն սայլը տեղից չի շարժվել, և իրենք դադարեցրել են այդ ուղղությամբ աշխատել։

«Առաջարկ չեղավ, մենք էլ դադարեցրեցինք մեր գործունեությունը, ու ամեն մեկը զբաղվեց իր գործով։ Եթե առաջարկ լինի՝ կարող ենք պատրաստել, բայց տպավորություն է, որ նախընտրում են արտերկրից գնել։ Իսկ դրսից ներկրելը շատ թանկ է։ Միայն ես չեմ դրանով զբաղվել։ Հայաստանում իմ ճանաչած մարդկանցից ով զբաղվել է դրանով ու որևէ առաջարկ է արել՝ ոչ մի առաջարկությանն էլ ընթացք չի տվել։

Պատերազմի շրջանում էլ նույն անօդաչու սարքերի հետ կապված առաջարկություններ են արվել, նոր լուծումներ, նախագծեր են առաջարկվել, օրինակ, կարող ենք պահեստամասերը գնել և Հայաստանում հավաքել։ Զրոյից հեծանիվ չհորինենք, քանի որ վաղուց հորինված են, ուղղակի կարելի է ամեն ինչ կազմակերպել ու տեղում հավաքել։ Ամեն դեպքում՝ հույս կա, կարծես թե այս պատերազմից հետո լրջորեն ուզում են զբաղվել անօդաչուների հարցով։ Տեսնենք, թե ինչ կլինի»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Արթուր Շահինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս