«Մի հոդվածով ձերբակալում են, մեկ այլ հոդվածով՝ մեղադրանք առաջադրում». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար, չնայած, ինչպես ՀՔԾ-ից դուրս գալուց լրագրողների հետ զրույցում հայտնեց Արթուր Ղազինյանը՝ ինքն  մի քանի օր առաջ ձերբակալվել էր այլ հոդվածով:

«Մի հոդվածով ձերբակալում են, մեկ այլ հոդվածով՝ մեղադրանք առաջադրում: Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է: Ակնհայտ է, որ իրավական բաղադրիչը այս քրեական գործում գրեթե չկա, բացակայում է… Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց՝ կիրառված էր արդեն»,- ասաց Արթուր Ղազինյանը:

Ըստ Ղազինյանի՝ իր և ընդդիմադիր մյուս քաղաքական գործիչների՝ նախատեսվող հանրահավաքներից առաջ ՀՔԾ կամ ԱԱԾ հրավիրվելը ուղիղ կապված է իրենց կազմակերպած զանգվածային միջոցառումների հետ:

Արթուր Ղազինյանը նաև անդրադարձավ երեկ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած դիտարկումներին, ասաց, թե խայտառակություն է, երբ այլ պետության ղեկավարը, թեկուզ մեր ռազմավարական գործընկեր պետության ղեկավարը խոսում է մեր երկրի ղեկավարի դավաճան չլինելու մասին:

«Դիվանագիտական լեզուն մի փոքր տարբերվում է ուղիղ խոսքի հետ, հետևաբար՝ դա պետք է ընկալել և հասկանալ, որ հնչեց իր բերանից դավաճանություն բառը: Ես ուղղակի ամաչում եմ, ամաչում եմ՝ ՀՀ քաղաքացի լինելով, որ իմ պետության ղեկավարի մասին մեր գործընկեր պետության ղեկավարը օգտագործում է  դավաճան բառը՝ թեկուզև նեգատիվ իմաստով:

Իսկ ինչ վերաբերում  է նրա բոլոր գնահատականներին, ապա այստեղ որևէ նորություն  չկար: Մենք այդ մասին խոսում էինք արդեն ամսի 10-ից սկսած ամեն օր, որ Շուշիի հանձնումն Ադրբեջանին վերջին 25 տարվա բանակցային գործընթացի որևէ փաստաթղթի մեջ ներառված չի եղել: Այսինքն՝ դա օրակարգում չի եղել: Դա օրակարգում հայտնվել է բացառապես այս իշխանության պայմաններում սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով, մինչդեռ ինքը ևս իր խոսքում փաստեց, որ դրանից ևս հնարավոր էր խուսափել, և շատ զարմացած էր»,- ասաց Արթուր Ղազինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս