Պուտինը պատմել է, թե կարգավորման ինչ ծրագիր է առաջարկել հոկտեմբերի 19-20-ին, որը Փաշինյանը մերժել է
«Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես է դեռ մեկ ամիս առաջ Ալիևին համոզել դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստանի համար աննշան տարածքների կորուստներով Ադրբեջանից Շուշի փախստականների մուտք թույլատրելու պայմանով խաղաղապահների առկայության դեպքում, սակայն Փաշինյանը հրաժարվել է։ ՌԴ նախագահը պարզաբանել է, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող 5, ապա երկու շրջանների վերադարձի հարցը երկար ժամանակ է քննարկվել։
Նա նաև հիշեցրել է, որ 2013 թվականին Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ձևակերպել էր պայմաններ, որոնք կարող էին խաղաղ գործընթացի սկիզբը դառնալ, ինչին գործընթացի բոլոր մասնակիցները համաձայն էին։ Պուտինը մասնավորապես ներկայացրել է, թե ինչն է եղել այդ առաջարկների հիմքում։ Առաջին հերթին ՀՀ-ի կողմից վերահսկվող 5 շրջանի, հետո ևս 2 շրջանի վերադարձ, Ղարաբաղը Հայաստանին միացնող միջանցքի ձևավորում Լաչինի շրջանում և ստատուս քվոյի ճանաչում առանց վերջնական կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև փախստականների վերադարձ։ Այդ ժամանակ, նրա խոսքով, կարելի էր խուսափել պատերազմից, ինչի մասին ՌԴ նախագահը բազմիցս է խոսել իր հայ ու ադրբեջանցի գործընկերների հետ։
«Դա կլիներ հարցի լուծում։ Ամեն անգամ մոտենում էին, կարծես միմյանց, բայց մեկ այս կողմից, մեկ այն ծագում էին խոչընդոտներ։ Վերջնարդյունքում այս գործը վերաճեց արյունալի զինված հակամարտության»,-ասաց Պուիիտինը։
Ինչ վերաբերում է Շուշիին, ապա, նրա խոսքով, Շուշի քաղաքի փոխանցման հարց երբեք դրված չի եղել և այն ծագել է այս կոնֆլիկտի ընթացքում։ «Իսկապես, հոկտեմբերի 19-20-ին եղավ հեռախոսազրույցների շարք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ։ Այն ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը իրենց վերահսկողության տակ էին վերցրել Ղարաբաղի հարավային հատվածից աննշան հատված։ Ընդհանուր առմամբ ինձ հաջողվեց համոզել Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները, պարտադիր պայման էր նրա կողմից փախստականների վերադարձը Շուշի։ Բայց անսպասելիորեն ինձ համար հայաստանյան գործընկերների դիրքորոշումը ձևակերպվեց այնպես, որ դա իրենց համար անընդունելի է։ Փաշինյանն ուղիղ ասաց, որ դրանում Հայաստանի ու Ղարաբաղի շահերի համար սպառնալիք է տեսնում»,- որոշ մանրամասներ հայտնեց ՌԴ նախագահը։
Ի դեպ Պուտինը նաև նշեց, թե իր համար անհասկանալի էր, թե որտեղ է սպառնալիքն այն դեպքում, երբ ենթադրվում էր խաղաղ բնակչության վերադարձ հայկական կողմի վերահսկողության պահպանման և ռուս խաղաղապահների ներկայության պարագայում (դրա շուրջ արդեն բանակցություններ էին ընթանում)։
«Ինձ Հայաստանի վարչապետն այդ ժամանակ ասաց՝ ոչ, մենք չենք կարող դրան գնալ, մենք կպայքարենք, կպատերազմենք։ Ուստի նրա հասցեին մեղադրանքները դավաճանության մեջ չունեն որևէ հիմք։ Այլ հարց է՝ ճիշտ էր արդյոք դա, թե ոչ»,- ասաց Պուտինը։
Թարգմանությունը՝ Արաքս Մարտիրոսյանի