«Եկեք պայմանավորվենք՝ Նիկոլ Փաշինյանին այլևս վարչապետ չկոչենք. Դա մարդ է, որը զավթել է վարչապետի պաշտոնը». Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այժմ ՀՔԾ-ում է: Մինչև ՀՔԾ մտնելը Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀՔԾ է հրավիրվել «ռազմական դրության ժամանակ իբր հանրահավաք կազմակերպելու և ռազմական դրության պահանջները խախտելու համար» մեղադրանք առաջադրվելու համար:
Ըստ Վանեցյանի՝ սրանով իշխանությունը մեկ նպատակ ունի՝ կասեցնել քաղաքական ընդդիմախոսների գործունեությունը:
«Սա հստակ քաղաքական հետապնդում է բոլոր քաղաքական ընդդիմադիր ուժերի նկատմամբ, և իշխանությունները, փոխարենը զբաղվեն շատ ավելի կարևոր գործերով, որոնցից ամենակարևորը այս պահին մեր զոհված, գերեվարված և անհետ կորած զինծառայողների ցուցակի տպումն է, հրապարակումն է, իսկ ավելի կարևոր՝ րոպե առաջ, օր առաջ անհապաղ միջոցներ ձեռնարկելը մեր գերեվարված զինծառայողներին գերությունից ազատելու, նրանք զբաղված են մեր հարկատուների հաշվին քաղաքական հետապնդումներ իրականացնելով»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ առավոտյան արված գրառմանը, որով վերջինս ճանապարհային քարտեզ ներկայացրեց, Վանեցյանը նշեց, որ 2.5 տարի բոլոր ուղղություններով աշխատանքները ձախողած մարդը չի կարող որևէ ճանապարհային քարտեզ հրապարակել:
«Այս ծանր վիճակում մեզ պետք են մարդիկ՝ պրոֆեսիոնալ, հայրենասեր, ազգային հայացքներ ունեցող, որպեսզի կարողանան երկիրը և հայերին, առհասարակ, հանել այս ծանր վիճակից: Եվ Նիկոլ Փաշինյանը, և իր կառավարությունը բոլոր ուղղություններով արդեն իսկ ձախողել են»,- նշեց նա:
Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգում չկա հրաժարականի հարց, այդ դեպքում ի՞նչ է պատրաստվում անել ընդդիմությունը, «Հայրենիք» կուսակցության ղեկավարն արձագանքեց.
«Եկեք պայմանավորվենք՝ Նիկոլ Փաշինյանին այլևս վարչապետ չկոչենք, որովհետև Նիկոլ Փաշինյանը այսօր բարոյական իրավունք չունի կոչվել վարչապետ: Դա մարդ է, որը զավթել է վարչապետի պաշտոնը և իր գործունեությամբ խորը փոսի մեջ է տանում Հայաստանը և Արցախը: Ընդդիմությունը իր գործը անում է, և հանրային պահանջի բարձրացման աստիճանի հետ վարչապետը, որը այսօր փորձում է իր բոլոր քայլերով պահել իշխանությունը, անպայման հրաժարական կտա»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում