«Պարտության սիմվոլը չի կարող այլևս պատասխանատու լինել երկիրն այս վիճակից հանելու համար». Գևորգ Գորգիսյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ փաստացի մինչև նոյեմբերի 17-ը պահում էին պայմանավորվածությունը, որը ձեռք էին բերել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի հետ, ով ասել էր, որ առաջնագծում դեռ անվտանգության խնդիր կա, և պետք չէ առայժմ հանել ռազմական դրությունը։
«Մենք այդ պայմանավորվածությունը պահեցինք, երեկ «Իմ քայլը» տապալեց գործընթացը, նրանք դեռ մեծամասնություն են և կարող են նման բան անել։ Մենք դեռ քննարկում ենք՝ ինչ անել, բայց միանշանակ է, որ, եթե ցանկանում ենք, որ Հայաստանն առաջ գնա, պետք է Փաշինյանը հեռանա։ Պարտված առաջնորդով Հայաստանը ճգնաժամից դուրս գալու որևէ հնարավորություն չունի։ Մենք միշտ շարժվել ենք մեր ուղիով, թե ում հետ է դա համընկել, մենք մեծապես թքած ունենք»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գևորգ Գորգիսյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի զենքի գնմանը և հարցերին, թե ինչու ՍՈւ-եր գնել են, իսկ հրթիռներ՝ ոչ, Գևորգ Գորգիսյանն ասաց, որ Պաշտպանության հանձնաժողովի փակ նիստերում հարցերը բարձրացվել է և պատասխան հնչել, թե ամեն ինչ պլանավորված է, ամեն ինչ ժամանակին գալու է, և գիտեն, թե ինչ են անելու։
Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մեղավորությանը՝ Գևորգ Գորգիսյանն ասաց, որ ամբողջ Կառավարությունն է մեղավոր՝ սկսած դիվանագիտական ոլորտից, վերջացրած Պաշտպանության նախարարությամբ։
«Պարտության պատասխանատուն և սիմվոլը չի կարող այլևս պատասխանատու լինել երկիրն այս վիճակից հանելու համար։ Հիմա ամեն օր վարչապետը խորացնում է այն խնդիրները և այն բարոյահոգեբանական ճգնաժամը, որը կա մեր քաղաքացիների մոտ։ Քաղաքացին պետք է մեկ բան որոշի, իր ապագան կապո՞ւմ է այս երկրի հետ, թե՞ ոչ։ Եթե վարչապետն այսպես շարունակի, մենք աննախադեպ մեծ արտագաղթ ենք ունենալու, անկախ ամեն ինչից, էլի ունենալու ենք, բայց խոսքն այն մասին է, որ մենք ունենալո՞ւ ենք 1 մլն արտագաղթող, թե՞ 200 հազար։ Սա միայն կախված է վարչապետի հեռանալուց, որը մնալով՝ խորացնում է ճգնաժամը»,- շեշտեց նա։
Նա նաև ընդգծեց, որ առաջնագծի մասին խնդիրներին տեղեկացել են, երբ հոկտեմբերի 1-ին Էդմոն Մարուքյանը և մեկ այլ պատգամավոր մեկնել են Արցախ և տեղում ծանոթացել խնդիրներին։ Այդ ամենից հետո էլ պահանջել են, որպեսզի տեղի ունենա Անվտանգության խորհրդի նիստ, որը ձգձգվել է։ Իսկ երբ տեղի է ունեցել նիստը, խնդիրների վերաբերյալ պատասխանատուները, մոտավորապես, հայտարարել են, որ գնալու են մինչև վերջ, խնդիրների մասին գիտեն և ամեն ինչ անելու են։
Անդրադառնալով Ազատության հրապարակում վարչապետի հրաժարականը պահանջող մարդկանց, Գևորգ Գորգիսյանն ասաց, որ նրանց սահմանադրական իրավունքն է այդ քայլին գնալու, և անտեղի են այն տեսակետները, թե նրանք այս կամ այն ուժին են սատարում։