«Այն, ինչ հիմա անում է Կառավարությունը, պարոն Աղաջանյանը՝ սադրանք է». Գևորգ Գորգիսյան

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ և որպես կամավոր առաջնագիծ մեկնած քաղաքացիներ այսօր մտադիր են հանրահավաք իրականացնել Երևանում՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի։

«Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ցուցաբերած աջակցության համար, և վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով կարդարացնենք այն։

Միաժամանակ, հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց, քանի որ ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում արգելված է հավաքների կազմակերպումն ու դրանց մասնակցելը։ Բացի այդ՝ այս օրերին մեզ առավել քան երբևէ համախմբվել է պետք ու մեր ամբողջ ներուժն ուղղել հայրենիքի վերակառուցմանը։
Ողջախոհություն բոլորիս»,- նշել էր Է. Աղաջանյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Էդուարդ Աղաջանյանի այս գրառմանը՝ նշեց. «Սա սադրանք է, այն ինչ հիմա անում է  Կառավարությունը, պարոն Աղաջանյանը, սադրանք է, սա հրահրում է քաղաքացիական բախումների, պատերազմի։ Կոչ եմ անում՝ որևէ կերպ այդ քայլին չգնալ։ Այսինքն՝ առաջին իսկ օրվանից իշխանությունը, վարչապետը հրահրում է բախումներ, սա ուղղակի անընդունելի է և կարող է ունենալ շատ վատ հետևանքներ։ Երբ ասում էի, որ նման քայլերը կարող են բերել ցնցումների, սա այդ քայլերից մեկն է»։

Հարցին՝ պատարստվո՞ւմ է  խոսել Կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց, որ չի կարծում, թե Է. Աղաջանյանի հետ խոսելու կարիք կա, փոխարենը՝ խոսքն ուղղում է վարչապետին, որ հետ կանգնեն նման սադրանքներից։

Տեսանյութեր

Լրահոս