«Ցանկացած պարագայում նա այլևս Հայաստանի քաղաքական կյանքում անելիքներ չունի». Գևորգ Գորգիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ վարչապետը իր ճանապարհային քարտեզը հրապարակելով՝ ժամանակ է ձգում՝ հույս ունենալով, որ կրքերը կհանդարտվեն, ու ինքը կմնա իշխանության։

«Կարծում եմ՝ ցանկացած պարագայում նա այլևս Հայաստանի քաղաքական կյանքում անելիքներ չունի։ Նա օր առաջ պետք է հեռանա, և այնտեղ կարող է լինել հույսը, որ մենք կկարողանանք այս իրավիճակից դուրս գանք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Գորգիսյանը։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Հայաստանի առաջիկա կես տարվա անելիքները, իր բնորոշմամբ՝ ճանապարհային քարտեզը:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին, Գևորգ Գորգիսյանն ասաց, որ այս պահին անմտություն կլինի  արտահերթ ընտրությունների պատրաստվել՝ հավելելով, որ արդեն ներկայացրել են վարչապետի՝ անցնցում իշխանությունից հեռանալու ճանապարհները։

«Փաշինյանը հեռանում է, գալիս է նոր վարչապետ, ձևավորում է Ազգային համաձայնության կառավարություն, որը բաղկացած է լինելու ոլորտի պրոֆեսիոնալներից, այսինքն՝ այստեղ կուսակցական պատկանելությունը էական ու կարևոր չէ։ Այնտեղ հավաքվելու են մարդիկ, որոնք պետք է կարողանան երկիրն այս վիճակից հանել, այստեղ որևէ ցնցում չի կարող լինել։ Եթե ինչ-որ մեկն ասում է, որ մեր առաջարկի մեջ կա ցնցումներ, պարզապես չի հասկացել մեր առաջարկը։ Եթե այսօր մենք գնանք ընտրությունների, ապա ով իր թիմում ավելի շատ զինված մարդ ունի, նա ուղղակի կհաղթի։ Այդ ամենի արդյունքում էլ մենք կունենանք 90-ականների վատ փորձը՝ քվեատուփեր գողանալ, մարդիկ գողանալ, ծեծել, սպանել»,- շեշտեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է ԱԺ ամբիոնից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որտեղ վերջինը ուղղակի ամբողջ պատասխանատվությունը դրեց բանակի վրա, Գևորգ Գորգիսյանն ասաց, որ այն պարզապես կրկին պատասխանատվությունից խուսափելու փորձ էր։ Ավելի ճիշտ, մասնավորապես, պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Գերագույն գլխավոր հրամանատարն ինքն է, հետևաբար՝ ամբողջի պատասխանատվությունը պետք է կրի վարչապետը։

«Երբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը սկսում է  հեռահար պատերազմ Պաշտպանության նախարարության հետ, դա արդեն խոսում է  այն մասին, որ կառավարման համակարգում տոտալ քաոս է, և «Իմ քայլը», որպես այդպիսին, այլևս իշխանություն չունի»,- շեշտեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է այսօր Կառավարության հետ հարց ու պատասխանին, Գևորգ Գորգիսյանն ասաց, որ դեռևս քննարկում են իրենց մասնակցության հարցը։

Տեսանյութեր

Լրահոս