Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում պետք է տիտանային աշխատանք կատարենք. Կապառոս
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ առաջիկա խաղում ընտրանին հսկայական աշխատանք պետք է կատարի`լավ արդյունքի հասնելու համար:
«Վրաստանի դեմ խաղում ամեն ինչ պետք է առավելագույնս լավ անեինք: Թիմում էլ ունեինք այն ֆուտբոլիստներին, որոնց օգնությամբ գործեցինք հենց երկու հարձակվողի մարտավարությամբ: Պետք է պրեսինգի ենթարկեինք պաշտպաններին: Թե Ադամյանը, թե Կարապետյանը հիանալի աշխատանք կատարեցին վրացիների դեմ խաղում»,- Հյուսիսային Մակեդոնիայի դեմ նախախաղային ասուլիսի ժամանակ անդրադառնալով նախորդ խաղին առանձնացրեց Կապառոսը:
Խոսելով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի մասին` իսպանացի մասնագետը շեշտեց, որ իր առաջնային խնդիրը ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը վերականգնելն է: «Ֆիզիկապես շատ ուժեղ չենք: Պետք է տեսնենք, թե ֆուտբոլիստներն ինչպես են վերականգնվում: Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում պետք է տիտանային աշխատանք կատարենք: Ցավալի է, որ այս հանդիպումը չենք անցկացնում Երևանում: Բայց ամեն ինչ անելու ենք ցանկալի արդյունքին հասնելու համար, քանի որ ամբողջ երկիրն է սպասում դրան»,-առանձնացրեց նա:
Ազգերի լիգայում 5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր և միայն մեկ միավոր է զիջում առաջատար Հյուսիսային Մակեդոնիային: Երրորդ տեղում Վրաստանն է 6 միավորով, իսկ Էստոնիան ունի միայն 2 միավոր:
Ազգերի լիգայի որակավորման վերջին տուրը կարող է որոշիչ լինել Հայաստանի ընտրանու համար: 6-րդ տուրում Հայաստանը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին չեզոք դաշտում` Նիկոսիայում: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: