Կանադական լավագույն ֆիլմերը` «Ոսկե ծիրան»-ում. կինոփառատոնը ֆիլմերի հատուկ ծրագիր է իրականացնում
Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը «Աջակցություն կինոթատրոններին» նախագծի շրջանակում նոյեմբերի ընթացքում կանադական ֆիլմերի հատուկ ծրագիր է իրականացնում։
Մինչև նոյեմբերի 26-ը նախատեսված «Հայացք՝ Կանադա» հատուկ ծրագիրն իրականություն է դարձել Telefilm Canada-ի հետ համագործակցությամբ։
«Ոսկե ծիրանն» առաջին անգամ է համագործակցում Telefilm Canada-ի հետ, և վերջինս աջակցել է, որ կանադական նորագույն բացառիկ ֆիլմերի ցուցադրություն իրականացվի հայ հանդիսատեսի համար, ինչպես նաև՝ օնլայն նախաձեռնություններ։
«Հայացք՝ Կանադա» ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի վերջին՝ «Պատվավոր հյուրը» ֆիլմի ցուցադրությունը։ Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերին Վենետիկի միջազգային կինոփառատոնում։ Էգոյանի ֆիլմը նաև լավագույններից էր Տորոնտոյի 44-րդ միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմի երևանյան պրեմիերան նվիրված էր ռեժիսորի 60-ամյակին: Էգոյանը տասը տարուց ավելի «Ոսկե ծիրան»-ի պատվավոր նախագահն էր և այժմ փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամն է։
«Հայացք՝ Կանադա» ծրագրի շրջանակում կցուցադրվեն նաև Տորոնտոյի ՄԿՓ-ում լավագույն կանադական խաղարկային ֆիլմի և լավագույն ֆիլմի «Կանադական էկրան» մրցանակներին արժանացած Սոֆի Դըռասպի «Անտիգոնե» կինոնկարը, Մոնրեալի վավերագրական ֆիլմերի ՄՓ-ում լավագույն կանադական ֆիլմի մրցանակը շահած Կլոդ Դըմերսի «Մի կին՝ մայրս» կինոնկարը, Մոնրեալի վավերագրական ֆիլմերի ՄՓ-ում լավագույն ազգային լիամետրաժ ֆիլմի համար ժյուրիի հատուկ մրցանակ ստացած Դընի Կոտեի «Ուիլքոքսը», Կարինե Թորոսյանի՝ հայ-կանադական համատեղ արտադրության «Այստեղ և այնտեղ» ֆիլմը։
Կինոցուցադրությունները կկայանան մինչև նոյեմբերի 26-ը «Կինոպարկ» և «Սինեմա Սթար» կինոթատրոններում։
«Հայացք՝ Կանադա» ծրագրի շրջանակում կկազմակերպվի նաև օնլայն զրույց Դընի Կոտեի հետ, որը կհեռարձակվի փառատոնի պաշտոնական էջում։ Հայ հանրությունը ճանաչում է Կոտեի ֆիլմերը, քանի որ դրանցից առնվազն երեքը ցուցադրվել են «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում։ Տեղի կունենա նաև մեկ այլ առցանց միջոցառում։ Կկազմակերպվի պանելային քննարկում՝ «Կանադական կինոն համավարակի ընթացքում և հետո» խորագրով, որին հանդես կգան Ատոմ Էգոյանը, Սոֆի Դըռասպը, Կլոդ Դըմերսը, ինչպես նաև ներկայացուցիչ Telefilm Canada-ից։