Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից պատերազմի մասին տեղեկատվությունը, կարելի է ասել, թաքցվել է. Գորգիսյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանն ասաց, որ պատերազմական գործողությունների և եղած խնդիրների մասին իրենց խմբակցությունը տեղեկացել է ռազմաճակատում կռվող իր ծանոթների միջոցով։
«Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից պատերազմի մասին տեղեկատվությունը, կարելի է ասել, թաքցվել է»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ այդ դեպքում՝ որպես պաշտոնյա, ինչո՞ւ այդ 44 օրերի ընթացքում չեն խոսել առկա խնդիրների մասին, Գորգիսյանը պատասխանեց, որ, թեև հրապարակային չեն խոսել, որպեսզի չվնասեն ռազմական գործողություններին, սակայն փակ օղակների միջոցով դրանց մասին հայտնել են համապատասխան պաշտոնյաներին։
«Կար վախ՝ չօգնել թշնամուն տեղեկատվական դաշտում մեզ հաղթել»,- ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է նոյեմբերի 11-ից հետո ներքաղաքական կյանքում տիրող զարգացումներին՝ Գորգիսյանը ասաց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է մարդասիրական միջանցք՝ պատվով հեռանալու։
Հարցին՝ եթե և՛ 17 կուսակցությունների, և՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պահանջը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու անցումային կառավարության ձևավորումը, այդ դեպքում ինչո՞ւ իրենց խմբակցությունը չի միանում Ազատության հրապարակում այդ պահանջը հնչեցնող բազմությանը, ինչպես անում է «Բարգավաճ Հայաստանը», Գևորգ Գորգիսյանը պատասխանեց.
«Մենք հրապարակել ենք մեր ճանապարհային քարտեզը, ունենք մեր վարչապետի թեկնածուն, և մեզ համար կարևոր է, որ վարչապետ լինի մի մարդ, որը կկարողանա համախմբել ու հաշտեցնել հանրությանը»։
Դիտարկմանը՝ չի՞ ստացվում այնպես, որ «Լուսավոր Հայաստանը» բոլոր վճռական պահերին նախընտրում է տարբեր պատճառաբանություններ բերել ու չկատարել այդ վճռական քայլը, ինչպես եղավ, օրինակ, Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումների ժամանակ, Գևորգ Գորգիսյանը նշեց, որ հանրությանը երբեք չեն խաբել՝ քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար, իսկ հիմա էլ Նիկոլ Փաշինյանի համար դուռ են բացում սահմանադրական ճանապարհով հեռանալու։
Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանն այդ բացված դուռը փակի իրենց երեսին ու չհեռանա, այդ ժամանակ ի՞նչ են անելու, Գորգիսյանը պատասխնեց.
«Մենք այդ դեպքում որևէ բան անել չենք կարող, հանրության ցասումը մեծ է։ Փաշինյանը հեռանալու է իրողությունների բերումով, իսկ դուռը փակելու դեպքում երկիրը գնալու է ցնցումների, միանշանակ է՝ այս ցույցերը չեն դադարելու»։
Հարցին՝ կմիանա՞ք ցույցերին, Գորգիսյանը պատասխանեց. «Կքննարկենք»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում