«Նույնիսկ Փաշինյանի հրաժարականի մասին ելույթի մեջ իմքայլականները մի հիմարություն դուրս կտան». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հայկ Մամիջանյանը չի ճանաչում մեկին, որը, եթե «Իմ քայլի» պատգամավոր չէ, նախարար չէ կամ Նիկոլ Փաշինյանի բարեկամը չէ՝ չի համաձայնում այն կարծիքին, որ Փաշինյանը պետք է հեռանա:

«Երբ փաստաթղթի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց, ես հասկացա, որ նա հեշտությամբ չի տալու այդ հրաժարականը: Բայց մենք ունենք ցուցիչներ՝ իշխող խմբակցությունն էլ կուռ չէ, այնտեղից կան մարդիկ, որոնք կամ հայտարարում են, որ դուրս են գալիս, կամ մանդատն են վայր դնում: Նախարարներ են դուրս գալիս: Մենք ունենք Փաշինյանի թիմակից անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի և անվտանգության գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանի առճակատում՝ մամուլում: Վարչապետը ջղաձիգ գրառումներ է անում, ՀՀ նախագահը կոչ է անում վարչապետին՝ հրաժարական տալ:  Սրանք բոլորը ցուցիչներ են: Կասկած չկա, որ Փաշինյանը հեռանալու է: Թե երբ, դա հաջորդ հարցն է: Ինչքան ուշ, այնքան շատ վնաս նա կհասցնի Հայաստանին՝ թե՛ բանակցությունների, այս խայտառակ փաստաթղթի իմպլեմենտացիայի տեսանկյունից. այս փաստաթուղթը ճանապարհային քարտեզ է, այնտեղ այնքան խուսանավելու տեղեր կան, իսկ յուրաքանչյուր խուսանավումը ՀՀ ապագայի համար կանխորոշող կարող է լինել…, և թե՛ ներպետական գործառույթների իրականացման համար»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հայկ Մամիջանյանը վստահեցնում է, որ տարածված թեզը, թե պայմանագրի այլընտրանքը պատերազմն է կամ ՌԴ-ի հետ հարաբերությունների վատացումը, կեղծ է, իրականությանը չի համապատասխանում. «Այս ամոթալի կետերի մեջ նույնիսկ հնարավոր է դիվանագիտական ճանապարհով խուսանավել»:

Նա ընդգծեց՝ իշխանությունից հրաժարվել կարող է միայն այն մարդը, ով իշխանությունից թանկ բան ունի. «Այդ մարդիկ չունեն իշխանությունից թանկ բան»:

ՀՀԿ ԵԿ նախագահը շեշտեց. «Իշխանական պատգամավորները հիմա միակ բանը, որ կարող են անել, լուռ, առանց ելույթների, որովհետև նույնիսկ Փաշինյանի հրաժարականի մասին ելույթի մեջ իրենք մի հիմարություն դուրս կտան, լուռ քվեարկել և հեռանալ, ցանկալի է՝ քաղաքական ասպարեզից առհասարակ, իրենց իսկ ոչ խայտառակ լինելու համար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս