«Այս իշխանությունը, այս դավաճանները վաճառել են մեր հայրենիքը և, ի վերջո, պատասխան են տալու». Վահագն Վարագյան
Այսօր ԿԳՄՍ նախարարության առջև ակցիա իրականացնելու փորձ կատարող քաղաքացիներից 3-ին բերման էին ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: Նրանք եկել էին նախարարության առջև Արայիկ Հարությունյանին հարցնելու, թե համաձա՞յն է նա այն հայտարարության տեքստի հետ, որը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, եթե ոչ, ապա ինչո՞ւ հրաժարական չի տալիս: ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը ակցիայի սկզբում մոտեցավ ոստիկաններին՝ զգուշացնելու, թե ինչի համար է եկել: Ակցիան դեռ չսկսված՝ Վարագյանին բերման ենթարկեցին: Ոստիկանությունից դուրս գալիս լրագրողների հետ զրույցում Վահագն Վարագյանն ասաց.
«ԿԳՄՍ նախարարին ուղղված մի քանի հարց ունեի: Առաջին հերթին, թե ինքը կիսո՞ւմ է դավաճան Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի այդ փաստաթուղթը, որի հետևանքով մեր երկիրը ծանր խնդրի առջև է կանգնել: Ես չհասցրի տեղեկացնել և այդ հարցն ուղղել նախարարին, ինձ բերման ենթարկեցին»:
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք նախարարի նոյեմբերի 10-ի գրառումը, որտեղ նա իր լիակատար աջակցությունն է հայտնել վարչապետին, բավակա՞ն չէ հասկանալու համար նրա տեսակետը, Վարագյանն արձագանքեց.
«Հայտարարության ստորագրումից հետո Արայիկ Հարությունյանը տեղադրեց դավաճան Նիկոլի նկարը, որը տևեց րոպեներ, քանի որ ժողովրդական հուզումը շատ մեծ էր, իսկ Արայիկ Հարությունյանը վախկոտ կերպար է իր էությամբ, և վախենում է ամեն ինչից, այդ պահին ջնջեց, հետո նորից ավելացրեց, երբ տեսավ, որ իր թիմակիցները, դավաճանները դիմադրում են, նա նորից վերադարձավ իր դավաճանական անցյալին: Նա պետք է դուրս գա հասարակության մեջ և հասարակությանը պատասխան տա»:
Վահագն Վարագյանը, բացի վերոնշյալից, այլ հարց էլ ուներ ԿԳՄՍ նախարարին, որոնք տալ չհաջողվեց:
«Հաջորդ կարևոր հարցը, որի շուրջ նաև ես ուզում էի պատասխան ստանալ ԿԳՄՍ նախարարից, այն է, որ մենք Շուշիում թողել ենք հսկայական ժառանգություն, գիտեք, որ Շուշին հանդիսանում է մշակութային մեր քաղաքներից մեկը, որտեղ բազմաթիվ թանգարաններ կային, պատերազմի օրերին, երբ բանակը ահռելի աշխատանք էր կատարում և դիմակայում էր թշնամուն, հանդիսանալով մշակույթի նախարար, Արայիկ Հարությունյանը ոչնչով չզբաղվեց, նույնիսկ Արցախի նախագահի կոչից հետո, երբ թշնամին 5 կմ հեռավորության վրա էր գտնվում Շուշիից: Այդ հսկայական ժառանգությունը քաղաքի հետ միասին գերեվարվեց, մնաց թուրքերին: Այս ամենի համար այս դավաճանական թիմը պատասխան է տալու: Սա նաև նրա հետևանքն է, որ արայիկհարությունյանները Ռուսաստանի դեսպանատան դիմաց դրոշներ էին վառում, այնուհետև այս պատերազմի ընթացքում տեղավորվել էին Սյունիքում ռուսական դրոշի ներքո և փորձում էին պաշտպանվել թուրքերից՝ ժողովրդին թողնելով անպաշտպան»,- ասաց Վարագյանը:
Նա նաև նշեց, որ Արայիկ Հարությունյանը, միևնույն է, տալու է իրենց հարցերի պատասխանները:
«Այս իշխանությունը, այս դավաճանները վաճառել են մեր հայրենիքը և, ի վերջո, պատասխան են տալու, այդ պատասխանն իրենցից պահանջվելու է: Իրենք իրենց ժառանգներով, գերդաստաններով դավաճանական պիտակին արժանացել են և արժանանալու են շուն Ֆրանգյուլի ճակատագրին, այն ճակատագրին, որին արժանացել են բոլոր դավաճանները»,- եզրափակեց Վարագյանը: