«Դավաճան Նիկոլի ոստիկաններն են, դավաճաններն են». Վահագն Վարագյանը բերման ենթարկվեց
Քիչ առաջ ոստիկանությունը ԿԳՄՍ նախարարության շենքի բակից բերման ենթարկեց ԵՊՀ Ուսանողների հետ աշխատանքներ համակարգող կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանին:
Վարագյանը երեկ ֆեյբուքյան իր էջում գրառմամբ հորդորել էր ուսանողներին ու դասախոսներին այսօր 14:00-ին միանալ իրեն ԿԳՄՍ նախարարության բակում:
«Արայիկ Հարությունյանը պետք է դուրս գա իր տաք կաբինետից ու պատասխանի հարցին՝ արդյո՞ք կողմ է Նիկոլի ստորագրած դավաճանական փաստաթղթին: Սուպեռ նախարարը մեզ պետք է բացատրի, թե ինչո՞ւ ձայն-ծպտուն չի հանում:
Իսկ եթե դեմ է, ինչո՞ւ է նախարար, ինչո՞ւ հրաժարական չի տալիս»,- գրել էր Վ. Վարագյանը:
Ու արդեն ԿԳՄՍ նախարարության բակում հայտնվելուց մի քանի րոպե անց ոստիկանները Վարագյանին բերման ենթարկեցին:
Վարագյանին ուղղված հարցին, թե ինչո՞ւ են իրեն բերման ենթարկում, Վարագյանն արձագանքեց.
«Դավաճան Նիկոլի ոստիկաններն են, դավաճաններն են»:
ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ոչ ոք չգիտի, թե ինչո՞ւ են Վահագն Վարագյանին բերման ենթարկել:
«Մենք եկել էինք ընդամենը հարց տալու կրթության նախարարին, ակցիա չէինք իրականացնում, ինչպես պարոն Վարագյանը ձերբակալվելու պահին հայտնեց, որ ակցիա չէինք իրականացնում, ինքը ոչինչ չի կազմակերպել, ինքը ընդամենը եկել ա հարց տալու: Ինչ-որ պարզաբանեցին, որ իբր հավաք իրականացնելու համար, բայց երևի հավաքված մարդկանց քանակը տեսնում եք ու պատկերացնում եք՝ եթե էս օրերին որոշում լիներ հավաք անցկացնել, ինչքան մարդ էստեղ կլիներ»,- ասաց Էդվարդ Գալստյանը:
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության բակում մոտ 10 քաղաքացի էր հավաքված: Նրանցից մի քանիսին ևս ոստիկանները բերման ենթարկեցին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում