«Դուք իմ երեխային գրել եք՝ մամայիդ դիակը տարել են Բժշկականի կողքի անատոմիկի մորգ: Էն, ինչ դուք եք արել, որևէ մեկը չի արել». Նաիրա Զոհրաբյան

«Մենք ականատեսն ենք լինում, թե գործող վարչապետն ինչպես է փորձում և նաև քաղաքական թիմի տարբեր ներկայացուցիչներ ինչպես են փորձում պարտության մեղքը բարդել ում վրա ասես, նաև՝ այո՛,  զինվորականների վրա»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորն անդրադարձավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, որտեղ ԳՇ պետը անդրադարձել է մեղադրանքներին, թե Զինված ուժերի ղեկավարության կողմից  պետության ղեկավարին ոչ իրատեսական վերլուծություններ են ներկայացվել.

«Եվ ինչ է ասում Գենշտաբի պետը՝  պատերազմի 4-րդ օրը՝ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրի մեր կորուստները և  ստեղծված իրադրության վերաբերյալ ԶՈՒ գնահատականը՝ նշելով, որ երկու-երեք օրերի ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար՝ հակառակ դեպքում՝ այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում՝ մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:

Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին՝ էս հարցերի պատասխանն ո՞վ է տալու»:

Պատգամավորը նշեց, որ առաջիկա օրերին պետք է սպասել շատ հետաքրքիր բացահայտումների, այդ թվում՝ ռուս լրագրողների և քաղգործիչների կողմից հնչող հարցադրումների վերաբերյալ. «Որ հնարավոր էր, այո՛, պատերազմի 4-րդ, այնուհետև՝ 7-րդ, 10-րդ և այս օրերին՝ ունենալ շատ ավելի բարենպաստ բանակցային իրավիճակ և շատ ավելի քիչ կորուստներ»:

Հայկ Սարգսյանի այսօրվա ճեպազրույցի ժամանակ հնչեցրած մի քանի դրվագների մասին խոսելով՝   Նաիրա Զոհրաբյանը ասաց. «Հիմա՝ մեր գործընկերը, անդրադառնալով բռնության կոչերին, ասում է, որ մենք Ռադիոտան ապակիները չենք ջարդել: Չէ՛, դուք ապակիներ չեք ջարդել, դուք ավերել եք Ռադիոտունը, դուք համալսարանի ռեկտորին թույլ չէիք տալիս, մարդ, ում սիրտը վատացել էր, խնդրում-աղերսում էր միջանցք բացել, որ կարողանա դուրս գալ, թույլ չէիք դուրս գալ,  դուք (ձեր ֆեյքերը, որոնք կոորդինացվում են պատգամավորներից մեկի կողմից) իմ երեխային գրել եք՝ մամայիդ դիակը տարել են (հիմա` այս օրերին) Բժշկականի կողքի անատոմիկի մորգ, կես ժամից գնացեք, դագաղը տարեք, մամայիդ դիակը վերցրեք անատոմիկի մորգից: Սա՛ եք դուք, որ հիմա խոսում եք, հա՞, բռնության կոչերից, ի՞նչ բռնության կոչ, էն, ինչ որ դուք եք արել, որևէ մեկը չի արել:

Դուք ասում եք՝ որդեկորույս մորը բերել եք, հանրահավաքին ելույթ է ունենում, տղանե՛ր և աղջիկնե՛ր, էս ի՞նչ եք ասում, էս լո՞ւրջ եք խոսում: Էն, որ Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկ էիք պեղել և ձեր գլխավոր հրամանատարի և մեկ էլ էն մարզպետի, որ գրեց՝ Շուշի՛, ես հես ա գալիս եմ ու էդպես էլ չհասավ, նրա ներկայությամբ ֆեյք պապ էիք խոսեցնում: Հիմա դուք բարոյական իրավունք ունե՞ք խոսելու, որ որդեկորույս մայր է եկել և հանրահավաքին հարցադրումներ է տալիս, որոնց պատասխանները, մե՛կ է, տրվելու են:

Հասկանում եմ, որ դուք այսօր ամեն ինչ անելու եք, որ այդ պատասխանները չհնչեն. վաղը չենք լինի մենք, չեք լինի դուք, շատերը չեն լինի, բայց պատմությունը տալու է գնահատականը, և պատմության առաջ պատասխանատվությունից որևէ մեկս չենք խուսափելու»:

Տեսանյութեր

Լրահոս