Եկել ենք այստեղ Հյուսիսային Մակեդոնիային հաղթելու համար. Արտակ Գրիգորյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի որակավորման վերջին տուրի խաղում միայն հաղթանակ է ակնկալում:
«Իհարկե բարձր տրամադրություն է թիմում, քանի որ Վրաստանի դեմ խաղում կարևոր հաղթանակ տոնեցինք: Եկել ենք այս խաղին հաղթելու համար, քանի որ այս հանդիպումը շատ կարևոր է: Տղաների տրամադրվածությունն էլ մարտական է»,նախախաղային ասուլիսին ասաց Գրիգորյանը:
Կիսապաշտպանի խոսքով` երկու հենակետային կիսապաշտպանով խաղն իր համար դժվար է, քանի որ մեծ ծավալի աշխատանք է տանում: Սակայն այդ մարտավարությունն արդարացրեց իրեն վրացիների դեմ խաղում
Ազգերի լիգայում 5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր և միայն մեկ միավոր է զիջում առաջատար Հյուսիսային Մակեդոնիային: Երրորդ տեղում Վրաստանն է 6 միավորով, իսկ Էստոնիան ունի միայն 2 միավոր:
Ազգերի լիգայի որակավորման վերջին տուրը կարող է որոշիչ լինել Հայաստանի ընտրանու համար: 6-րդ տուրում Հայաստանը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին չեզոք դաշտում` Նիկոսիայում: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: