Իշխանությունը, քաղաքական ղեկավարությունը հենց դրա համար է, որ պետք է ունակություն, համապատասխան կադրեր ունենա, քաղաքականություն վարի, որ չհասցնի մինչև պատերազմի․ Քաղտեխնոլոգ
«Բողոքի ակցիաները, որոնք հիմա տեղի են ունենում՝ առանձնապես գաղափարական պետք էլ չէ, որ լինեն, դրանք ունեն շատ կոնկրետ խնդիր, որովհետև երկիրը խայտառակ պարտություն է կրել: Ավելին՝ իշխանությունը կրող վարչապետը ստորագրել է սեպարատ կապիտուլյացիայի համաձայնագիր։ Դրա նախադրալների մասին չէր խոսվում, առավել ևս 44 օրվա ընթացաքում հասարակությանը, ըստ էության, դեզինֆորմացիա էին մատուցում։ Եվ այնպիսի իրավիճակ մենք ստացանք, որ վիրտուալ աշխարհում Հայաստանը հաղթեց պատերազմը, իսկ իրականում պարտվեց»,- 168․am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ընդգծելով, որ հսկայական տարածքային, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վնասներ ենք կրել և, ամենացավալին, հազարավոր զոհերն են։
«Այս պարագայում առաջին քայլը, որ պետք է աներ թե՛ վարչապետը, թե՛ իշխանությունը, ինքնակամ հրաժարականն էր։ Նույնիսկ սպորտում, երբ Բարձագույն լիգայից թիմը դուրս է մնում, որևէ մարզչի մտքով չի անցնում հրաժարական չտալ, որովհետև դա համարվում է տապալում։ Ուզում եմ հիշեցնել, որ 1998թ․, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն Արցախի հարցի լուծման հետ կապված իր կոնցեպտը ներկայացրեց և դա չընկալվեց հասարակության, քաղաքական շրջանակների, զինվորական ղեկավարության կողմից, հայտարարեց, որ զիջում է իր տեղը, քանի որ չի ընկալվում դա։ Ինչ վերաբերում է նրան, որ հիմա հերթով՝ ՀՀ վարչապետը, Արցախի նախագահը, ռազմական ղեկավարությունը դուրս են գալիս, որպեսզի արդարացնեն այդ խայտառակությունը, սկսում են ասել, որ ավելին չէինք կարող անել և այլն, երկրին, ժողովրդին ու բանակին հսկայական իմիջային հոգեբանական հարված են հասցնում։ Սա պետք է դադարեցնել»,- նշեց Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխոնոլգը նկատեց․ «Եթե ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտեր, որ ռազմաքաղաքական գործողությունների դեպքում ռեսուրսը շատ ցածր է, այդ դեպքում, ըստ էության, պետք է ամեն ինչ անեին, որ հարցը պատերազմական գործողություններին չհասներ։ Իշխանությունը, քաղաքական ղեկավարությունը հենց դրա համար է, որ պետք է ունակություն, համապատասխան կադրեր ունենա, համապատասխան քաղաքականություն վարի, որ չհասցնի մինչև պատերազմը։ Իսկ դրա համար դաշնակիցներ պետք է կարողանաս ունենալ, ոչ թե փչացնես հարաբերությունները, արտաքին քաղաքական ամրություն պետք է ունենաս աշխարհի ուժային կենտրոնների հետ, որ որևէ մեկի մտքով պատերազմ սկսել չանցնի։ Այսինքն, պետք է կարողանաս քաղաքական ճանապարհով հարցը լուծել, եթե գիտես, որ ռազմական ճանապարհով չես լուծելու։ Նույնը մեր ռազմական գործիչներին է վերաբերում, ովքեր վերլուծություններից հետո ասում էին՝ մենք պարտվելու ենք։ Իրենք էլ պետք է հրաժարական տան, որովհետև նույնպես մեղավոր են։ Երբ ասում են, որ բանակը պատրաստ չէր 5-րդ սերնդի պատերազմին, ինչ-որ մեկը մեղավոր է, չէ՞։ 5 տարի անցել է Սիրիայում անօդաչուների տեխնոլոգիական պատերազմից, ըստ էության, նույն թուրքական անօդաչուների դեմ ռուսական ՀՕՊ-ն արդեն աշխատում էր, մերոնք չեն նկատել, որ արդեն կա անօդաչուների կռիվ։ Սա, ես կարծում եմ, ռազմական ղեկավարության ճակատագրական սխալն է»։