Բաժիններ՝

Մարտունիում ընթանում են վերականգման աշխատանքներ. Էդիկ Ավանեսյան

Մարտունիում ընթացքի մեջ են ենթակառուցվածքների վերականգնման և քաղաքում առկա ավերածությունների վերացման աշխատանքները: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ Մարտունին հատկապես պատերազմի վերջին օրերին ենթարկվել է ռմբակոծությունների, այդ իսկ պատճառով քաղաքում ավերածությունները շատ-շատ են:

Կայքի զրուցակիցը նշել է, որ նախօրեին քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել քաղաքում, սակայն գույքագրման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ են մասնագետներ, որոնք, ըստ քաղաքապետի, այս պահին չկան:

Է. Ավանեսյանը տեղեկացրել է, որ քաղաքում գրեթե լուծվել են ջրամատակարարման և էլեկտրամատակարարման հարցերը: Մարտունի քաղաքի որոշ թաղամասեր և շրջանի գյուղեր այսօրվանից կունենան գազամատակարարում, սակայն, ընդհանուր առմամբ, քաղաքի ամբողջական գազամատակարարման հարցը մնում է օրակարգային, քանի որ վնասվել են գազատար մի շարք խողովակներ:

Ի դեպ, այսօրվանից կգործեն նաև քաղաքի երկու գազալցակայանները:

Մարտունու քաղաքապետը նշել է, որ այսօրվանից կգործեն նաև երկու հացի արտադրամասերը: Այս ընթացքում պարենի խնդիրը հիմնականում լուծվում էր պահեստում առկա պաշարի միջոցով, ըստ անհրաժեշտության, պարեն և հաց հասցվում էր Ստեփանակերտ և Ասկերան քաղաքներից:

Մարտունիում այսօր օրակարգային է նաև շրջանային բուժմիավորման՝ բնականոն աշխատանքին վերադառնալու հարցը: Համայնքի ղեկավարը նշել է, որ ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանի հետ նախօրեին ձեռք է բերվել պայմանավորվածություն, և առաջիկա 1-2 օրերի ընթացքում հիվանդանոցը կանցնի բնականոն աշխատանքի, ի դեպ հիվանդանոցի աշխատակիցներից ոմանք արդեն իսկ վերադարձել են Մարտունի:

Օրակարգային ամենակարևոր հարցը թերևս, ըստ քաղաքապետի, կեցության հարցն է: Այս մի քանի օրերի ընթացքում քաղաքի բնակիչներից ոմանք վերադարձել են, սակայն կան նաև քաղաքացիներ, որոնց բնակելի տներն ավերվել են ամբողջությամբ: Է. Ավանեսյանը տեղեկացրել է, որ Մարտունի քաղաքի բազմաբնակարան թաղամասի շենքերից մեկը շատ քիչ է բնակեցված և փորձելու են այդ մարդկանց տեղավորել շենքի ազատ բնակարաններում:

«Այսօր Մարտունիում ընթանում են վերականգնման աշխատանքներ, սակայն այդ աշխատանքների համար անհրաժեշտ է մարդկային մեծ ռեսուրս, իսկ եղածն այս պահին չի բավականացնում: Մենք հույս ունենք, որ համատեղ ուժերով կհաղթահարենք նաև այս փորձությունը և կլուծենք առաջնահերթ այն խնդիրները, որոնք մեր բնակիչներին հնարավորություն կտան հետ վերադառնալու և ապրելու հարազատ օջախներում»,- ընդգծել է Է. Ավանեսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս