«Հայկ Սարգսյանն իմ ընկերը չէ, հետևաբար՝ պետք է բացատրի՝ ինչի՞ հիման վրա է նման բան ասել»
ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը, որ օրերս հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ընկերը չէ և իրեն չի ճանաչում, հետևաբար՝ պետք է բացատրի, թե ինչո՞ւ է հայտարարել, որ ընդդիմությունն իրեն ճնշել է, որ դուրս գա խմբակցությունից:
«Ինձ ով ճանաչել է, չի կարող նման բան մտածել, ստեղծված իրավիճակում միգուցե մտածեն, որ ճնշումներ են եղել, բայց ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ դա բացառվում է: Հայկ Սարգսյանն իմ ընկերը չէ, հետևաբար՝ պետք է բացատրի, թե ինչի՞ հիման վրա է նման բան ասել: Անհնար է նման բան, որ ճնշումների արդյունքում իմ սկզբունքները խախտեմ, ով նման բան է մտածել, դա ուղղակի իր երևակայությունն է»,- նշեց Վարդան Աթաբեկյանը:
Նա շեշտեց, որ, երբ պատգամավորները գիշերով գնացել են իր տան մոտ, տեսագրությունն ինքն է հրապարակել, քանի որ սկզբում չի իմացել, թե ովքեր են հավաքվել իր տան մոտ:
«Ես որևէ խմբի շահ չեմ սպասարկում, ինչպես հայտարարում են, ով նման բան է ասում, թող վերանայի, թե ես ինչ կատեգորիայի եմ, ինքն ինչ կատեգորիայի է, չի կարող նման բան լինել, որ ես որևէ ազգադավի կամ ուժի շահ սպասարկեմ: Սրա մասին բոլորը գիտեն»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադառնալով գիշերով Վարդան Աթաբեկյանի տուն գնալու փաստին, ասել էր, որ նրա տուն էր գնացել, քանի որ մտածել է, թե ընկերոջը սպառնացել են, դրա համար էլ դուրս է եկել խմբակցությունից:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում