Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել և հանրությանը բացատրել, որ «վատ ժառանգություն» է ստացել և չի կարող ստորագրել կապիտուլյացիայի փաստաթուղթը. Պարզաբանում է Հակոբ Սիմիդյանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի խոսքով՝ պետական կառույցները պետք է վերադառնան բնականոն աշխատանքի, որից հետո ինստիտուցիոնալ գործիքակազմով ամեն ինչ կքննարկվի:

«Այս էմոցիոնալ ֆոնը բարդություններ է առաջացնում, այո, մենք պարտություն ենք կրել և ոչ մեկս որևէ կարգավիճակից կառչած չենք, բայց պետք է ճիշտ շարունակել, որպեսզի երկիրը, պետությունը որևէ կերպ դրանով չվնասվի»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հակոբ Սիմիդյանը:

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պե՞տք է հրաժարական ներկայացնի, Հակոբ Սիմիդյանը պատասխանեց, որ տարբերակները, որոնք կան քննարկման դաշտում, որի մասին նաև ՀՀ նախագահը խոսեց, դրանց վերաբերյալ թիմը դիրքորոշում կարտահայտի առաջիկայում:

168.am-ի հարցին՝  Արցախի բանակցային գործընթացին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է ներկայացնել Հայաստանին ու Արցախին, և առհասարակ՝ ստեղծված իրավիճակն արդյո՞ք իշխանությունների սխալ արտաքին քաղաքականության արդյունքը չէ, Հ․ Սիմիդյանը պատասխանեց․

«Գիտեք, բանակցությունների առումով նույնպես, մեղավորության առումով նույնպես, ինձանից հիմա կոնկրետ պատասխաններ մի ակնկալեք: Կարող եմ ասել, որ կյանքը բոլոր հարցերի պատասխանը կտա՝ ոչ միայն այս 2,5,  այլ՝ առհասարակ: Ես սա ասելով՝ չեմ ցանկանում մեղքը որևէ մեկի վրա բարդել, բայց մեզանից յուրաքանչյուրը պատասխանտվությունից չի խուսափի: Եթե սխալ ունենք և դա կգնահատվի սխալ, դրա պատախանը կտանք»:

Մեր հաջորդ հարցին՝ երբևէ մտածո՞ւմ էին, որ Փաշինյանն Արցախի կապիտուլյացիայի վերաբերյալ փաստաթուղթ կստորագրի, նա պատասխանեց․

«Ձեր ձևակերպումը շատ խիստ է, որովհետև ասվել է, թե փաստաթուղթն ինչ պայմաններում է ստորագրվել, այսինքն՝ իրավիճակն այսպիսին էր, որ կար խնդիր, որը հնարավոր չէր, որ պաշտպանական բանակը լուծի, և դրա այլընտրանքը, այո, որևէ փաստաթուղթ ստորագրելն էր: Խոսքը Շուշիի-Ստեփանակերտի շուրջ ստեղծված իրավիճակն էր: Կարծում եմ՝ ՊՆ-ն մեկնաբանություններ արել է ու ասել, որ իրավիճակը կրիտիկական է եղել»:

Մեր մյուս հարցին՝ որ իշխանական թիմից հայտարարում են, որ վարչապետը բանակցային գործընթացի վատ ժառանգություն է ստացել, հետևաբար՝ այլընտրանք չի ունեցել, այդ պայմաններում վարչապետն ինչո՞ւ հրաժարական չի ներկայացրել և հանրությանը բացատրել, որ «վատ ժառանգություն»  է ստացել և չի կարող ստորագրել, Հակոբ Սիմիդյանը պատասխանեց.

«Տեսեք, եթե վատ ժառանգության մասին խոսեմ, էլի կմեկնաբանվի, որ ես ուզում եմ պատասխանատվությունը մեկ այլ ուժի կամ մարդու վրա դնել: Դրա համար եկեք ժառանգության մասին չխոսենք: Դրա համար ես ասացի, որ պետք է գնահատվի ամեն ինչ, և վերջին երկու տարիների, և վերջին երեսուն տարիների համար: Ինձանից մի ակնկալեք, որ ես միանգամից կպատասխանեմ բոլոր հարցերին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս