«Ոչ կառուցողական ոչ մի քայլի համար երբեք պատրաստ չեմ եղել ու չեմ լինի պատասխանատվություն կրել»․ Սոֆյա Հովսեփյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․ «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։  Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։ Վարչապետի այս գրառումից հետո ազատման դիմում գրեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը։ Իսկ «Իմ քայլը» խմբացկության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին՝ ներողություն խնդրելով բազմաթիվ սխալների համար։

168․am-ը Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ մի քանի հարց ուղղեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին։

-Տիկին Հովսեփյան, կիսո՞ւմ եք արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության պատասխանատվությունը։

-Ես չգիտեմ՝ վարչապետը ինչ տեսանյութ է դիտել, բայց շատ կուզեի, որ դիտեր այն տեսանյութերը, որտեղ սահմանին կանգնած զինվորը խոսում է համախմբման, երկիրը զարգացնելու, պետականաշինության, բանակում առկա խնդիրների վերացման մասին։ Սա է իմ սպասելիքը այսօրվա ամեն մի զինվորից, ամեն մի քաղաքացուց և ամեն մի հայ մարդուց։ Միայն նման պատասխանատվություն ես կարող եմ կիսել:

– Որպես իշխանական պատգամավոր` պատրա՞ստ եք արդյոք ապագայում պատասխանատվություն ստանձնել այս հայտարարության հետևանքների համար։

– Ես հուսով եմ՝ այս հայտարարության հետևանքները կառուցողական կլինեն, եթե այդպես է, ապա պատրաստ եմ, եթե ոչ, ապա ոչ կառուցողական ոչ մի քայլի համար երբեք պատրաստ չեմ եղել ու չեմ լինի պատասխանատվություն կրել»

– Վարչապետը գրել է․ «Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։ Արդյո՞ք սա կառուցողական լուծում է ենթադրում։

– Չեմ կարող ենթադրել, թե ինչ է ի նկատի ունեցել, բայց առաջին հայացքից՝ ո՛չ, կառուցողական չէ: Հուսով եմ՝ կմեկնաբանի:

– Ձեր գնահատմամբ` այս հայտարարությունը հասարակությանը պառակտո՞ղ, թե՞ համախմբող հայտարարություն է։

– Ես չեմ ցանկանա կանխակալ մոտենալ գրառմանը, միայն հույս ունեմ, որ հասարակությունը և իր ծոցից դուրս եկած և Հայոց սահմանները պահող տղաների խորագիտությունը կդրսևորեն և կհամախմբվեն պետականաշինության շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս