Վահրամ Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. պաշտպան

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ձերբակալության իրավաչափության քննությունը դատարանում հետաձգվեց: Ինչպես դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց Վ. Բաղդասարյանի պաշտպան Վահագն Գասպարյանը, դրա պատճառը Վահրամ Բաղդասարյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունն է:

«Ներկայացրել են կալանավորման միջնորդություն, դրա համար նիստը հետաձգվեց: Ուշ բերեցին պարոն Բաղդասարյանին: Փորձում են միասին քննել, օրենքը դա թույլ է տալիս: Մենք, բնականաբար, հետաձգեցինք միջնորդությունը, անգամ նյութերը մեզ չէին տրամադրել, հետաձգեցինք, որովհետև անհրաժեշտ է ծանոթանալ նյութերին»,- ասաց փաստաբան Վահագն Գասպարյանը:

Նշենք, որ երեկ ԱԱԾ-ն  հայտարարություն էր տարածել, որում ասված էր, թե կանխել է պետական գործչի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:

Հայտարարության մեջ առկա էր նաև ձայնագրություն, որում Վահրամ Բաղդասարյանը հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ հեռախոսազրույց է ունենում:

Պաշտպանի խոսքով՝ Վահրամ Բաղդասարյանն այս մեղադրանքի հետ կապ չունի և դրա մասին է վկայում նաև հեռախոսազրույցը, որում Բաղդասարյանը խոսում է հավաքների մասին: Ըստ փաստաբանի՝ եթե հավաքների մասնակցելն ու կազմակերպելը իշխանության յուրացում է կամ իշխանության ներկայացուցչի սպանության նախապատրաստում է, ապա դա իրավաբանություն չէ:

«Եթե ձայնագրության մեջ նշվածը հանցագործություն է, ապա անկախությունից հետո յուրաքանչյուր անձի, ով մասնակցել է հավաքների կամ նախաձեռնել է հավաքներ, քրեաիրավական իմաստով բոլորի վերաբերյալ պետք է իրենից ենթադրի երկրի ղեկավարի սպանության փորձ կազմակերպել և իշխանությունը յուրացնել»,- նշեց փաստաբան Վահագն Գասպարյանը:

Վահրամ Բաղդասարյանը նաև իր փաստաբանին փոխանցել է, որ Աշոտ Մինասյանի հետ երկու օր առաջ է  ծանոթացել՝ ոստիկանության բաժնում:

Նշենք, որ Վահրամ Բաքղդասարյանը ձերբակալվել էր երեկ՝  իշխանության յուրացման, ապօրինի զենք զինամթերք պահելու և վարչապետի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով (ՀՀ Քր.օր 35-300-րդ հոդվածի 1-ին մասի 305-րդ հոդվածի, 235-րդ հոդվածի հատկանիշներով)

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս