«Ողբերգության մեջ ենք. Մեր ժողովրդի բողբոջը նահատակվել է մեր սուրբ հողի համար». Ռազմիկ Դավոյանը կոչ է անում մասնակցել այսօրվա մոմավառությանը

Բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը կոչով դիմել է հայրենակիցներին՝ նրանց խնդրելով միանալ համազգային մոմավառությանը.

«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հայ ժողովուրդ, ողբերգության մեջ ենք. մեր ժողովրդի բողբոջը, ծաղիկը նահատակվել է մեր սուրբ հողի համար։ Երիտասարդների անքանակ զոհեր ենք տվել։

Օպերայի բակում  լինելու է մոմավառության արարողություն: Ես Ձեզ կոչ եմ անում, որ գնանք,  խոնարհվենք նրանց հիշատակի առջև,  այդ հերոսների, մեր այդ քաջարի տղերքի, մեր այդ ժողովրդի նահատակված հույսի ու հավատի առջև:  Խոնարհվենք և մոմեր վառենք նրանց հիշատակի համար։

Ես այս հիշատակ բառը որ ասում եմ, իմ մեջ նրանք բոլորը կենդանի հզոր տղերք են, նրանք  պետք է իրենց պես քաջարի զինվորներ ծնեին հայ ժողովրդի համար, բայց չհասան այդ պաշտպանության ցանկալի արդյունքին։

Ովքեր որ կոչ էին անում մեր այդ քաջարի տղերքին, որոնք կոչի կարոտ չունեին, բայց՝ բղավում էին, որ «հաղթելու ենք», այդ կոչ անողների մեջ ինձ համար սիրելի մարդիկ կային՝ արվեստագետներ․․․։ Ես խնդրում եմ այդ կոչ անողներին՝ այսօր կոչ անեն՝ երեկոյան ժամը վեցին հավաքվեն մոմեր վառելու այդ կոչերի համար կռված, բայց սրբորեն նահատակված մեր զինվորների հիշատակի համար»:

Տեսանյութեր

Լրահոս