
«Ես ունեմ փոքր երեխաներ, ես մտահոգված եմ իրենց ապագայի համար, դրա համար ես այստեղ եմ. Ես ժողովրդի կողքին եմ». Վալերի Օսիպյանը՝ Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքին մասնակցում էր նաև Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ պատերազմը սկսվելուն պես վերադարձել է Հայաստանի Հանրապետություն և որպես գեներալ, որպես բարձրաստիճան սպա՝ փորձել է օգտակար լինել հայրենիքին. «Սակայն, այնպես ստացվեց, որ զերծ չմնացի, ես էլ վարակվեցի կորոնավիրուսով, վերջերս եմ ապաքինվել, հիվանդանոցում էի, դուրս եմ գրվել: Հիմա տանը բուժում եմ ստանում, բայց այսօր նպատակահարմար գտա կանգնել ժողովրդի կողքին: Բոլորդ գիտեք՝ Օսիպյանը միշտ եղել է ժողովրդի կողքին, այսօր էլ եմ ժողովրդի կողքին: Եվ ձերբակալվածների մեջ էլ ես ունեմ ընկերներ»:
Լրագրողների և Վալերի Օսիպյանի հարցուպատասխանը.
– Դուք գեներալի կոչումը Փաշինյանից եք ստացել, դրա մասին ի՞նչ եք մտածում:
– Ես Փաշինյանից չեմ ստացել, ես ստացել եմ ՀՀ-ից:
– Ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին գոռում է՝ դավաճան:
– Ես ժողովրդի կողքին եմ, հարգելիներս: Օսիպյանը միշտ տարիներ շարունակ եղել է ժողովրդի կողքին, այսօր էլ եմ ձեր կողքին:
– Այսինքն ՝ այստեղ հավաքված ժողովրդի կարծիքը, որ Նիկոլը դավաճան է, Դուք կիսո՞ւմ եք:
– Եթե ժողովրդի կողքին եմ, ուրեմն՝ ժողովրդի կողքին եմ, ես ձեզ պարզ ասում եմ:
– Ձեր հրաժարականի հետ կապված հարցականները կպարզաբանե՞ք: Վանեցյանը խոսում էր սպայի արժանապատվության մասին, ձեր պարագայում է՞լ է դա եղել:
– Դրա մասին ես խոսել եմ, բայց հիմա այդ ժամանակը չէ, դրան դեռ կանդրադառնամ:
– Ասում են՝ բանակը չի կռվել այս պատերազմի ժամանակ, փախել են դիրքերից:
– Ես հավատում եմ մեր զինվորին, հավատում եմ, որ մեր զինվորը լավագույններից մեկն է տարածաշրջանում, մեր զինվորի կողքին ենք բոլորս, դուք էլ՝ այդ թվում, բայց կռվել է-չի կռվել՝ ես հնարավորություն չեմ ունեցել մասնակցել և ինքս գնահատականներ տալ: Ասացի, թե որտեղ էի գտնվում: Բայց կարելի է բարձրաստիճան զինվորականներից հարցնել, որովհետև տարբեր կարծիքներ են շրջանառվում համացանցում:
– Դուք ուժային կառույց եք ղեկավարել, Ներքին զորքերը սահման էլ են գնացել, այսօր էլ էին սահմանին:
– Ցանկացած գերատեսչության ղեկավար ո՞վ է լինում, ներքև՞ը , թե՞ վերևը:
– Զիջման փաստաթղթի վերաբերյալ…
– Ով զիջել է՝ իրեն հարցրեք:
– Ունեի՞նք ռեսուրս ավելի դիմակայելու:
– Ոստիկանության մասով կարող եմ ասել, ՊԲ-ի և ՊՆ-ի մասով ես կոմպետենտ չեմ: Համատեղ գործողությունները դրվագային են լինում, խորքային չեմ կարող ասել:
– Լուծման հնարավոր ճանապարհը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարակա՞նն է:
– Ես կարծում եմ՝ անհնարին բան չկա:
– Ընդդիմադիր ուժերն ասում են, որ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի արյունահեղություն չլինի, աշխատել եք, ճանաչելով Փաշինյանին՝ այս իրավիճակում նա կտա՞ հրաժարական:
– Ճիշտ կլինի՝ այդ հարցով իրեն դիմեք:
– Նա ասում է, որ իր հրաժարականը պահանջում են նախկին իշխանությունների ջարդարար խմբերը, կիսո՞ւմ եք իր տեսակետը:
– Նախկին իշխանությա՞ն: Նախկին-ներկան բերել է այս աստիճանին, ՀՀ քաղաքացին քաղաքացի է, ի՞նչ կապ ունի: Նախկիններում էլ կան նորմալ, լավ անձնավորություններ, մեր պետությանը, մեր հասարակությանը պիտանի, և կան, շատ կներեք, սրիկաներ: Ներկայիս իշխանության մեջ էլ կան սրիկաներ:
– Ապօրինի հրամաններ ստացե՞լ եք Նիկոլ Փաշինյանից:
– Ստացել եմ, բայց չեմ կատարել:
– Ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր համարո՞ւմ եք:
– Ես մասնագետ չեմ: Այս ստեղծված իրավիճակը, իհարկե, մտահոգիչ է, իհարկե, ես ունեմ փոքր երեխաներ, ես մտահոգված եմ իրենց ապագայի համար, դրա համար ես այստեղ եմ, դրա համար բոլորն են այստեղ:
– Լուծումը ո՞րն է:
– Լուծում կգտնվի:
– Եթե Նիկոլ Փաշինյանը ձեզ դավաճան անվանի, դուք ի՞նչ եք պատասխանելու:
– Ո՞վ ինձ դավաճան համարի:
– Ձեր քայլը դավաճանություն որակի:
– Ուրեմն՝ չկա մեկը Երկիր մոլորակի վրա, որ փորձի Օսիպյանին դավաճան համարի, դավաճանի պիտակ կկպցնեմ իրեն: Էն, որ Օսիպյանն է արել, թող բոլորը անեն, ու չփորձի որևէ մեկը նման հարց ուղղի ոստիկանին:
– Եթե դուք այսօր ժողովրդի հետ եք, դուք կպահանջե՞ք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
– Հարգելիս, ես հայերեն լեզվով ասում եմ, ժողովրդի կողքին եմ: