«Հադրութը զիջվել է «նահանջ» հրահանգից հետո, զինվորներին ասել են՝ նահանջեք». Լևոն Մնացականյան
Միջազգայնագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Լևոն Մնացականյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում մանրամասներ ներկայացրեց Արցախում տեղի ունեցած պատերազմի որոշ դրվագների մասին:
«Ես առաջին անգամ մեկնել եմ Արցախ սեպտեմբերի 29-ին, եղել եմ առաջնագծի տարբեր հատվածներում: Ես երբ ժամանել եմ Արցախ, առաջին օրը եղել եմ Ստեփանակերտում, որն արդեն վերածվել էր մարտի դաշտի, որովհետև անընդհատ հրթիռակոծումներ, ԱԹՍ-ների խոցումներ էին լինում, Ստեփանակերտը ոչնչով չէր տարբերվում առաջնագծից, քանի որ, եթե առաջնագծում դու ունես խրամատ, մոտավորապես զգում ես, թե գնդակը որ կողմից է գալու, կարող ես պատսպարվել, Ստեփանակերտում խաղաղ բնակչություն է, և չգիտես՝ արկը որ պահին որտեղ կընկնի: Սկզբում շատ թեժ է եղել Ջեբրայիլում. Թշնամին հենց սկզբից ոչնչացրել է մեր ՀՕՊ-ը հենց մեր մեղքով, քանի որ մենք միջոցներ չենք ձեռնարկել: Ծառայող զինվորներն են ինձ այդ մասին տեղեկացրել, որ միայն վերջին օրն են նրանց ասել, որ համազգեստով այսօր քնեք, որովհետև առավոտ պատերազմը սկսվելու է: Սկսվել է Քարվաճառից: Մեր ՀՕՊ-ն այնքան ոչնչացված է եղել, որ թշնամին կարողացել է հասնել Ստեփանակերտ»,- ասաց նա:
Նա ընդգծեց. «Առաջնագծի զինվորի մասին բացասական արտահայտվող բոլոր մարդիկ ստահակներ են և չունեն ոչ մի սրբություն: Ի՞նչ է եղել Ջեբրայիլում. Զինվորը կանգնած է դիրքում, բայց չի կռվում զինվորի հետ, նա չի տեսնում իր թշնամուն: Նա ստանում է հրթիռային հարվածներ, ԱԹՍ-ների հարվածներ: Որ Արծրուն Հովհաննիսյանը էդքան շեշտում էր, թե վերջին երկու տարում էդքան զենք են առել, մի հատ ասեք՝ տեսնենք՝ ի՞նչ զենք եք առել, որ մեր ՀՕՊ-ը չկարողացաք ապահովել, էդքան 18-20 տարեկան երեխեքը զոհվեցին:
Մենք ամենաշատ զոհը տվել ենք Ջեբրայիլում: Ջեբրայիլը հանձնվել է նրա արդյունքում, որ մեր զինվորները չեն ունեցել համապատասխան զենքեր, որոնցով կարող են պաշտպանվել կամ անցնել հակահարձակման: Հադրութը զիջվել է նահանջ հրահանգից հետո, զինվորներին ասել են՝ նահանջեք: Զինծառայողներն ինձ պատմել են, որ առաջնագծում կանգնած են, բայց ասել են՝ նահանջեք: Ինչի՞ համար նահանջել, եթե քո զինվորն առաջնագծում կանգնած՝ կռվում է: Եթե դու տեսնում ես, որ վիճակն այդպես է, պատերազմի 3-4-րդ օրը պարզ ներկայացրու վիճակը, ոչ թե խաբիր: Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան, Արծրուն Հովհաննիսյան եռյակը հասարակությանը մոլորեցրին՝ ադրբեջանական տեղեկատվությանը մի տրվեք, սադրանքներ են, և այլն, և վերջին օրը Շուշին հանձնվում է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում