«Կատարեք այդ կարևոր քայլը». Արծվիկ Մինասյանն իշխանական պատգամավորներին կոչ արեց գալ խորհրդարան
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-ի մոտ «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, կոչ արեց գալ խորհրդարան և հրավիրել արտահերթ նիստ, նշելով, որ նրանց անվտանգությանը որևէ վտանգ չի սպառնում։
«Մենք հիմա ձեզ երաշխավորում ենք, դուք կատարեք այդ կարևոր քայլը, դուք դրանով հայոց պատմության մեջ կմնաք՝ որպես հայ ազգի արժանապատվությունը պահող ու փրկող գործիչներ։ Հակառակ դեպքում դուք ոչ միայն նզովյալ կլինեք Հայաստանում, այլև, եթե հայտնվեք աշխարհի այլ տեղում, կարժանանաք հանրային պարսավանքի»,- նշեց Արծվիկ Մինասյանը։
Նա դիմելով ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին՝ նշեց, որ հասկանում է, որ նրանք կատարում են հանձնարարություններ, սակայն ցանկացած հանձնարարական իր հիմքում պետք է ունենա թե՛ Սահմանադրության, թե՛ արժանապատվության ու բարոյականության հիմնարար սկզբունքներ։
«Երբ այստեղ դուրս գալուց տանում, բերման եք ենթարկում այսօրվա հանրահավաքը վարող Գեղամ Մանուկյանին, դուք դրանով վստահաբար չեք օգնում հայ ազգին, չեք կատարում օրենքով ամրագրված պարտավորությունը։ Դրանով ընդամենը կատարում եք մի գործողություն, որն ավելի շատ նման է Հուդայի գործողության։ Եթե մենք այսօր չկատարենք այն ինչ պետք է, ապա վաղը ուշ է լինելու։ Վաղը, այդ փաստաթղթով ամրագրված տարածքները հանձնելու դեպքում, այլևս որևէ հայ չի կարող վերադառնալ Արցախ, չի կարող վերադառնալ Արցախ, նույնիսկ մոմ վառել։ Այսօր այդ հնարավորությունը տրված է բոլորիս»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:



