«Պարոն Փաշինյան, վեր կաց և պատմիր, թե 40-ից ավելի օրվա ընթացքում քանի՞ համաձայնագիր է քեզ առաջարկվել, ի՞նչ պայմաններ են եղել». Հայկ Մամիջանյան

«Սա չափազանց վատ պայմանագիր է: Միակ տարբերակը, որպեսզի որոշ պայմաններ փոփոխվեն, մեղմացվեն, բարելավվեն, հիմնական բանակցողի փոփոխությունն է, և դա պարոն Փաշինյանն ինքը պետք է հասկանար: Երբ ես կարդում էի իր հրապարակած տեքստը, և հետո համացանցում հայտնվեց հայտարարության նախնական տարբերակը, իմ մտքով առաջինն անցավ, որ պարոն Փաշինյանը հրաժարական է տալու, ինքն է նախաձեռնելու, որ հիմնական բանակցողը փոխվի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նա ընդգծեց՝ հիմա Փաշինյանը չի կարող գնալ-ասել՝ գիտե՞ք ինչ, ես փոշմանել եմ. «Այլ մարդ կարող է գնալ-ասել՝ գիտե՞ք ինչ, նախորդ բանակցողի բանակցածը մի կողմ, որոշ կետեր կամ ամբողջը նորից բանակցենք: Երկրորդ, որի մասին շատ քիչ է խոսվում՝ մոտակա օրերին մենք ունենալու ենք շատ ու շատ մարդկանց վերադարձ առաջնագծից, մարդիկ, որոնք տեսել են պատերազմի արհավիրքները. բոլորը կհիշեն, թե ինչ էր կատարվում քաղաքում 90-ականներին: Արդյո՞ք դուք, սիրելի քաղաքացիներ, վստահում եք Նիկոլ Փաշինյանին՝ կարգուկանոն հաստատել այդ իրավիճակում: Մարդ, որը դիմակ կրելը չկարողացավ կանոնակարգել, COVID-ի ժամանակ մարդկանց շարժը չկարողացավ կանոնակարգել, պետք է փորձի կազմակերպել օրենքների պահպանումը պատերազմից հետո՞: Բնական է, որ մեծ ծավալով անօրինական զենք է լինելու մարդկանց ձեռքերին, լինելու են մարդիկ, որ ունենալու են խորը տրավմաներ… պետք է լինեն ինստիտուտներ, որոնք ապահովեն թե՛ այդ մարդկանց, թե՛ նրանց շրջապատի անվտանգությունը»:

Հարցին՝ եթե այս պահին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ի՞նչ է լինելու դրանից հետո, նա պատասխանեց. «Ամենատարբեր լուծումներ կան՝ սկսած ռազմաքաղաքական էլիտայից որևէ նոր կառույցի ձևավորում, որը անցումային փուլում կփորձի ապահովել երկրի բնականոն ընթացքը և պատրաստել ընտրությունների, վերջացրած՝ ազգային համաձայնության կառավարությամբ: Լուծումները շատ են: Ինձ իսկապես չի հետաքրքրում, թե ով կլինի Փաշինյանից հետո, ինձ հետաքրքրում է, որ երկու խնդիր լուծվի՝ առաջին՝ փոխվի հիմնական բանակցողը, որ հնարավոր լինի այս ամոթալի պայմանագիրը գոնե մի քիչ բարելավել, երկրորդ, որպեսզի կարգուկանոն պահպանվի»:

Ինչ վերաբերում է այսօր ժամը 13:00-ին Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքին, Հայկ Մամիջանյանն ընդգծեց. «Սա ոչ մեկին իշխանության բերելու պայքար չէ. սա ընդամենը խայտառակ պայմաններով համաձայնագիրը հնարավորինս բարելավելու ու մեր բոլորիս անվտանգությունն ապահովելու համար է»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ստորագրած Արցախի կապիտուլյացիայի փաստաթղթին, նա ասաց, որ Փաշինյանը միայն յուրայինների հետ է այն քննարկել. «Ավելի վատն ասեմ՝ պարոն Փաշինյան, վեր կաց ու պատմիր, թե 40-ից ավելի օրվա ընթացքում քանի՞ համաձայնագիր է քեզ առաջարկվել. 5-րդ օրը, ընթացքում, երբ դու հանդիպում էիր արտախորհրդարանականների հետ, ի՞նչ պայմաններ են եղել այդտեղ: Լավրովի պլանը դրախտ է այս պայմանագրի համեմատ: Երբ Փաշինյանը ասում էր, որ իր սեփական կետից է սկսում, երևի ոչ թե սկզբնակետն էր կարևոր, այլ վերջնարդյունքը. Չգիտեմ՝ քո սկզբնական կետը ո՞րն էր, պարոն Փաշինյան, բայց քո վերջնական կետը սա էր. անձամբ քո, ոչ թե հայ ժողովրդի: Հայ ժողովուրդը այս հարցը հետագայում լուծելու է լավագույն արդյունքում»:

Դիտարկմանը՝ հիմա փորձ է արվում այնպես ներկայացնել, թե Նիկոլ Փաշինյանը լուծել է Արցախի հարցը, նա արձագանքեց. «Այս փաստաթուղթը Արցախի հարցի հետ աղերս չունի, որովհետև այն «խղճուկ» հատվածը, որը մնում է Արցախի իշխանությունների վերահսկողության տակ, որևէ կարգավիճակային լուծում չի ստացել: Երբ այս պատերազմն Ալիևը սկսում էր, ես վստահ եմ, որ ինքը չէր երազում նման պայմանագրի կնքում: Այդ պայմանագրում այնքան վտանգավոր կետեր կան: Ինձ համար անտրամաբանական է այդ ամբողջ օրակարգը, մենք ստիպված ենք մարդկանց բացատրել, որ ժողովուրդ, երբ բանակցվում էր 5+կարգավիճակ+ 2 կամ 5+2+կարգավիճակ, այդտեղ երբեք չի եղել Հադրութ, Շուշի… քաղաքացիներին ինչո՞ւ պետք է բացատրենք, որ ժողովուրդ ջան, այն շան տղեքը, որոնք ապրիլյան պատերազմը համարում էին պարտություն, այդ պատերազմից հետո ախր մենք կնքել ենք պայմանավորվածություն, որ շփման գծի և սահմանային գծի ողջ երկայնքով դրվելու են մեխանիզմներ, որոնք թոզմիշ արվեցին Փաշինյանի կողմից…»:

Հայկ  Մամիջանյանն ընդգծեց. «Այն քաղաքացիները, որոնք երեկ գիշեր տանը նստած նայում էին՝ ինչ է կատարվում կառավարության շենքում, ԱԺ-ում, փողոցներում և չէին ուզում դրա մասը կազմել, ինչը նորմալ է, ու անդադար իրենք իրենց հարցնում էին՝ ինչ կարող եմ անել. Այ, միակ բանը, որ կարող ես անել, դա այսօր Ազատության հրապարակ գալն է: Տարիներ անց կապ չունի՝ ով կլինի իշխանություն, դու կկարողանաս ասել, որ փորձել ես այնպես անել, որպեսզի այդ խայտառակ պայմանագիրն ավելի լավը դառնա, առաջին հերթին, ինքդ քեզ կկարողանաս ասել: Ես վստահ եմ, որ կհաջողվի, բայց քաղաքացիների համար շատ կարևոր է, որ մի քանի տարի հետո իրենք իրենց մեջ հիշեն, թե պատմության  ճի՞շտ, թե՞ սխալ կողմում էին այսօր»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս