Տիգրան Մանսուրյանի ձայնն անշփոթելի է. ECM ընկերությունը թողարկել է մաեստրոյի երկերի նոր սկավառակը
Մյունխենում գործող hանրահայտ ECM ձայնագրման ստուդիան օրերս թողարկել է Տիգրան Մանսուրյանի «Հոգուով իմոյ» (Con anima) հեղինակային ձայնասկավառակը, որում ընդգրկված է սիրված կոմպոզիտորի վեց ստեղծագործություն:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կոմպոզիտորն ասաց, որ սկավառակն ամփոփում է վերջին տարիներին ստեղծած կամերային գործերը: «Այս ձայնագրություններում կարևոր ուղղվածություն ունեն հոգևոր երաժշտության ավանդույթները: Այդ նկատի ունենալով՝ գործերից մեկն անվանել եմ «Գառն Աստծոյ», իսկ «Եկեղեցական սոնատը» նվիրված է Կոմիտասի հիշատակին»,- ասաց Մանսուրյանը:
Սկավառակին անդրադարձել է հայտնի երաժշտական քննադատ Նորման Լեբրեխտը, որի կարծիքով այս լարված ու դժվար ժամանակներում «Con anima»-ն կարող է դառնալ կյանքի առաջիկա 15 րոպեն անցկացնելու լավագույն ձևը:
Երաժշտական քննադատն ընդգծել է, որ ջութակի, կլարնետի, թավջութակի և դաշնամուրի համար գրված և վաղամեռիկ ջութակահար Օլեգ Կագանի հիշատակին նվիրված «Agnus Dei» ստեղծագործությունը հոգևոր երկ է։
«Մանսուրյանի ձայնն անշփոթելի է։ Նրա լեզուն հայերենն է, սակայն նրա երաժշտությունը դրոշմված է մինիմալիզմին, ատոնալիզմին և միկրոտոնային համակարգին արված հղումներով»,- նշել է Լեբրեխտն ու հիշեցրել, որ ECM ընկերությունը տարիներ շարունակ անդրադարձել է Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններին:
«Հույս հայտնենք, որ Մանսուրյանը կկարողանա շարունակել ստեղծագործել խաղաղ պայմաններում»,- եզրափակել է երաժշտական քննադատը: