Անհապաղ ստեղծել պետության պաշտպանության կոմիտե կամ ռազմաքաղաքական շտաբ. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը խոր տագնապով արձանագրում է, որ հայրենասիրական տրամադրությունների և մոտալուտ հաղթանակի սպասումների համապատկերում, ռազմաճակատից իրատեսական լուրերի բացառման հետևողական քաղաքականության արդյունքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը, որը ստորագրվել է նրա և Ադրբեջանի ու ՌԴ նախագահների կողմից, Հայաստանում և Արցախում առաջացրել է հասարակական մեծ հուզումներ ու ցասում: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարության հրապարակումից անմիջապես հետո եկել է Հանրապետության հրապարակ և ապա՝ Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիներին կոչ ենք անում չտրվել քաղաքացիական անհնազանդության անկառավարելի ալիքին, ՀՀ կառավարության և խորհրդարանի շենքերը մեր պետության աներեր խորհրդանիշերն են, օրենսդիր ու գործադիր իշխանության մարմինները:

Իրավիճակն անելանելի չէ, եթե մեզ համար թանկ են ազատ, ինքնիշխան ու անվտանգ Արցախն ու Հայաստանը, պետք է ցուցաբերել քաղաքացիական ողջամտություն, ՀՀ օրենսդրության շրջանակներում կան լուծումներ: ՀՀ վարչապետի համար միակ ելքը պատերազմն այս կերպ դադարեցնելն է, սակայն դրան հետևելիք ինը կետերից բաղկացած փաստաթուղթն անընդունելի է Հայաստանի և Արցախի բնակչության մեծամասնության համար: Ուստի պետք է գնալ այլ ճանապարհով:

«Ժառանգությունը» հանձնառու է կրելու պատասխանատվության իր բաժինը: Մենք կոչ ենք անում ՀՀ քաղաքական ուժերին՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, ռազմական հրամանատարությանը, որն արցախյան առաջին պատերազմում փայլուն հաղթանակներ է կերտել, անհապաղ համախումբ ստեղծել պետության պաշտպանության կոմիտե կամ ռազմաքաղաքական շտաբ, որը կմշակի ելքեր ստեղծված իրավիճակից: Մեր անհաջողությունները ժամանակավոր են, պետության ազգային շահերն՝ անբեկանելի: Մեր պատերազմն արդար է, հաղթելու ելք կա»:

Տեսանյութեր

Լրահոս