«Պատերազմն այնտեղ իր կյանքով է ապրում, իսկ ֆեյք քշողցներն՝ իրենց․․․ Թիրախավորողներն էլ ավելի հետևողական են աշխատում, քան թշնամու ԱԹՍ-ները։ Էհ, հետո՞»

Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որքան հեշտ է, չէ՞, ներկա իրողությունների ֆոնին անցյալի սխալներից խոսելը։ Վերջին օրերին անընդհատ դրան եմ հանդիպում։ Մարդիկ ուզում են բացատրել, թե որտեղ էր մեր սխալը, ինչն այնպես չենք արել, ինչը պիտի անպայման արվեր, բայց չի արվել և այլն, և այլն։ Անկեղծ ասած՝ ես այդ քննարկումներից հոգնել եմ։

Մտածում եմ՝ այն ժամանակ էր պետք մտածել այդ ամենի մասին ու, օրինակ, միտք արտահայտող մարդկան (ընդունելի կամ ոչ այնքան) ազգովի չդատափիտեինք ու չվարկաբեկեինք։ Բայց եղածն արդեն եղած է։ Հիմա պետք է ապագային նայենք։ Որովհետև հենց վաղը այսօրն արդեն անցյալ կլինի ու եթե այսօր ճիշտ որոշումներ չկայացնենք, եթե այսօր էլ շարունակենք կռվել մտքի դեմ ու վարկաբեկել այն, ապա վաղը պիտի նորից նստենք ու մեր՝ արդեն ավանդական դարձած եթե-ներից խոսենք։

Այսքանը գրելու կարիք թերևս չէր լինի, եթե չտեսնեի, թե քննարկումների ինչ մակարդակ է այօսրվա սոցիալական ցանցերում։ Եվ ոչ միայն այնտեղ։ Ընդհանրապես՝ քաղաքական դաշտում։

Պատերազմն այնտեղ իր կյանքով է ապրում, իսկ ֆեյք քշողցներն՝ իրենց։ Ու չես էլ կարող կողմնորոշվել, թե որտեղ է վիճակն ավելի ծանր՝ առաջնագծում, թե՞ թիկունքում։ Բայց ինչպե՞ս կարելի է հաղթել պատերազմում, եթե միտքը շարունակվում է վարկաբեկվել, իսկ խոսքը՝ լռեցվել։ Մարդ չի կարող ասպարեզ դուրս գալ և ինչ-որ բան առաջարկել։ Խոսացող մարդը, մտածող մարդն այսօր թիրախ է։ Թիրախավորողներն էլ ավելի հետևողական են աշխատում, քան թշնամու ԱԹՍ-ները։ Էհ, հետո՞։

Սա ձև չի, սիրելի ընկերներ, շտապ միավորվել, միմյանց կրկին վստահել ու այդ միասնությամբ և վստահությամբ առաջ է պետք գնալ։ Դեպի հաղթանակ։ Ու դա այսօր է պետք անել։ Որովհետև վաղը ուշ կլինի։ Չհոգնեցի՞ք վերջապես անցյալի սխալները վերլուծելուց։ Նորից եմ կրկնում՝ այսօրը վաղն արդեն անցյալ է լինելու»։

Տեսանյութեր

Լրահոս