Սիրիացի վարձկանների պնդմամբ՝ Ադրբեջանում զինծառայողներին «վախի դեմ դեղահաբ» են բաժանել. ՔԿ
Արցախաադրբեջանական պատերազմում Ադրբեջանի կողմից սիրիացի ահաբեկիչների մասնակցությունն առաջին օրերից ապացուցվում է տարբեր ապացույցներով, տարբեր երկրների ղեկավարների հնչեցրած հայտարարություններով: Այս ընթացքում հայկական կողմը գերեվարել է 2 վարձկան ահաբեկչի:
Մինչ այդ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ահաբեկիչների գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ, ինչը վկայում էր, որ մինչև կռվի անցնելը վարձկանները թմրանյութ, հոգեմետ միջոցներ են օգտագործել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանը հայտնեց, որ վարձկան ահաբեկիչների թմրանյութ կամ այլ հոգեմետ դեղեր ընդունելու հանգամանքը ևս ԱԱԾ քննության տիրույթում է, ու այս ընթացքում երկու վարձկաններից վերցվել են մազի, մեզի, արյան նմուշներ, նշանակվել է համապատասխան քննություն, որպեսզի ստանան տեղեկություն, թե կոնկրետ այդ ահաբեկիչները ընդունե՞լ են արգելված միջոցներ, թե՞ ոչ:
ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն էլ փոխանցեց, որ երկու վարձկաններն ասել են, թե իրենք չեն օգտագործել որևէ դեղահաբ, սակայն պնդել են, որ տեսել են, թե ինչպես են մյուսներն օգտագործել «վախի դեմ դեղահաբ»:
«Իրենք չեն խոստովանում, որ անձամբ իրենք օգտագործել են, բայց իրենք ցուցմունք են տալիս, ասում են, որ՝ «մենք չենք օգտագործել», բայց էն անձինք, ովքեր վախի զգացում են ունեցել, իրենց ղեկավարի, Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողների կողմից ասվել է, որ կան հաբեր, և իրենց ներկայությամբ, իրենք ասում են՝ դա վախի դեմ դեղահաբ է և էդ դեղահաբերը խմելու դեպքում վախի զգացողությունը կորում է իրենց մոտ, և իրենց ներկայությամբ, իրենք տեսել են, թե ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչ զինծառայողը բաժանում վարձկան խմբի մյուս անդամներին համապատասխան դեղահաբեր»,- նշեց Ռաֆայել Վարդանյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում